Բավրայի անցակետի մոտ քաղաքացիները փակել են ճանապարհը, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը (տեսանյութ)
ՎԻԴԵՈՕրեր շարունակ քաղաքացիները մայրաքաղաքի տարբեր հատվածներում և շրջաններում բողոքի ակցիաներ են անում և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Այսօր քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Շիրակի մարզի Բավրա գյուղի միջպետական ճանապարհը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջին են միացել քաղաքական կուսակցությունները, Հայաստանի տարբեր բնակավայրեր, փաստաբաններ, դեսպաններ, 3 կրթական հաստատություն, մտավորականներ և հասարակական գործիչներ:
Մասնավորապես այդ պահանջին են միացել 22 կուսակցություն, այստեղ ստացվում է քաղաքական դաշտում կա կոնսենսուս և բոլոր ազդեցիկ կուսակցությունները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, բացի իշխող «Իմ քայլ»-ից, 202 բնակավայր, 500 փաստաբան, 10 դեսպան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, ԵՊՀ գիտխորհուրդը, տասնյակ մտավորականներ և հասարակական գործիչներ:
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ ինչ Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են։ Այսօր ևս Երևանի տարբեր հատվածներում նման ակցիաներ են իրականացվել, որոնց ժամանակ բերման է ենթարկվել ութ տասնյակից ավելի քաղաքացի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Արցախի հարցով եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ԱՀ ազատագրված 7 շրջանները, Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ, Շուշի քաղաքը, ինչպես նաև Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք համայնքներ: Բացի այդ, Հայաստանը պարտավորվում է Սյունիքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար: