ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի լինելու արցախցի, որ չստանա հասանելիք սոցիալական աջակցությունը. Մանե Թանդիլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տուն կորցրած շուրջ 40 հազար արցախցու համար 8-10 հազար նոր բնակարան կպահանջվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ արդեն քննարկման փուլում է 7-8 հազար բնակարաններ կառուցելու հարցը՝ռուսական կողմի աջակցությամբ:

«Մեր առաջնահերթությունների շարքում է բնակարան կորցրած արցախցիներին կացարանով ապահովելու խնդիրը: Առայժմ հնարավորինս փորձում ենք գտնել ժամանակավոր լուծումներ՝ տեղավորելով Ստեփանակերտի հյուրանոցներում, տուն- ինտերնատում և այլն: Բացի այդ, քննարկվում է նաև ՀՀ-ում և Արցախում հյուրընկալող ընտանիքներին փոխհատուցման տրամադրման հնարավորությունը: Ըստ այդմ նախատեսվելու է, որ ՀՀ-ի բնակավայրերում հյուրընկալող ընտանիքին կտրամադրվի մեկ քաղաքացու հաշվով՝ 30 հազար դրամ, իսկ Արցախում ՝45 հազար դրամի չափով փոխհատուցում»,-մանրամասնեց նախարարը: Նրա խոսքով ներկայում առաջնահերթ է նաև ձմեռային եղանակով պայմանավորված խնդիրները:

«Այս ընթացքում տեղահանված արցախցիներին ըստ անհրաժեշտության շարունակական կերպով տրամադրվում են տաք հագուստներ ու անկողնային պարագաներ: Նախատեսվում է, որ կառավարությունը կփոխհատուցի կոմունալ վճարումները: Փոխհատուցման չափերի հետ կապված որոշ սահմանափակումները՝ մասնավորապես  էլեկտրաէներգիայի պարագայում, պայմանավորված են միայն  հոսանքագծերի ծանրաբեռնվածությունը հնարավորինս թեթևացնելով»,-ասաց Մանե Թանդիլյանը:

Անդրադառնալով սոցիալական աջակցության մյուս ծրագրերին նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է 250 հազար դրամի աջակցություն բոլոր այն արցախցիներին, ում բնակարանը վնասվել է պատերազմի հետևանքով:

«Այժմ ընթացքում են 68 հազար և 15 հազար դրամի աջակցության տրամադրման ծրագրերը: Մեկնարկել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախցիներին 300 հազար դրամի չափով փոխհատուցման հայտերի ընդունման և ճշգրտման գործընթացը: Այդ գումարի տրամադրումը, հայտերի հաստատումից հետո, նախատեսվում է ամենաուշը մինչև դեկտեմբերի վերջ: Հայտերը, բացի նախարարության համապատասխան ստորաբաժանումից, հնարավոր է լրացնել նաև առցանց տարբերակով, ինչպես նաև Ղարաբաղ Տելեկոմի սպասարկման կետերում»,-ասաց Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ չի լինելու որևէ արցախցի, որ չստանա օրենքով սահմանված իրեն հասանելիք աջակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular