ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հին հաշիվնե՞ր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստեղծված իրադրությունը միանգամից տրամաբանական եզրահանգման է հանգեցնում, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը հին հաշիվ է մաքրում Վազգեն Մանուկյանի հետ` սուր հակադարձելով նրա՝ որպես ընդդիմության միասնական թեկնածուի հրապարակային առաջին ելույթին` կանխատեսելով պատուհաս քաղաքացիական բախումների ելակետով: Սա վատթարագույնն է, որ կարելի է կանխատեսել մեր արյունաքամ երկրի համար: Սկզբունքորեն Մանուկյանն արդեն մեկ անգամ խուսափել է այդ պատուհասից 1996-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո` ընտրության արդյունքներից դժգոհ ժողովրդին փողոցից ճանապարհելով տուն, քանի որ նրանց պատրաստ էր դիմավորել նույն փողոց դուրս բերած իշխանության զրահատեխնիկան: Տրամաբանական է, որ այս պատմական իրողության վերլուծության մեջ հին հաշիվը մաքրելու հավակնություն պետք է Վազգեն Մանուկյանն ունենար Տեր-Պետրոսյանից, քանի որ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելի էին, և Մանուկյանն ու փողոց դուրս եկած ժողովուրդը համոզված էին, որ ինքն է ընտրվել նախագահ, ոչ թե Տեր-Պետրոսյանը: Սա մի փակված կամ գուցե բաց ու չմաքրված հաշիվ է, որը ճակատագրական եղավ Մանուկյանի համար, ոչ թե Տեր-Պետրոսյանի: Սակայն այդ գործիչների հաշիվներն ավելի հին են. թիմակիցները դարձան հակառակորդներ:

1990-ին ԳԽ նախագահ կարող էր ընտրվել Մանուկյանը, իսկ մեկ տարի անց` ՀՀ նախագահ, բայց հանգամանքները դասավորվեցին հօգուտ Տեր-Պետրոսյանի: Այս պատմական իրողության մեջ էլ հաշիվը փակված չէ ի վնաս Մանուկյանի, ոչ թե Տեր-Պետրոսյանի: Ի դեպ՝ այսքանով չի ավարտվում, էլի հաշիվներ կան բաց ու փակ: Տեր-Պետրոսյանը հաշիվներ ունի ՀՅԴ-ի հետ, 1994-ին կասեցրեց այդ կուսակցության գործունեությունը Հայաստանում, որն ուղեկցվեց ՀՅԴ գործիչների ձերբակալություններով: Այս դեպքում էլ հաշիվը բաց է ՀՅԴ-ի համար, ոչ թե Տեր-Պետրոսյանի: Հաշիվներ ունի Ռոբերտ Քոչարյանի և ՀՀԿ-ի հետ` հիշելով 2008-ի նախագահական ընտրությունները: Այս դեպքում նժարը թեքվում է Տեր-Պետրոսյանի կողմը, հենց նա ունի չմաքրված հաշիվ: Այդուհանդերձ, Տեր-Պետրոսյանը հավանաբար ուզում է, որ հեռանա Փաշինյանը, քանի որ իր մամուլի խոսնակի միջոցով նրան որակեց ազգակործան պատուհաս, և որ հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու:

Այսօր ընդդիմությունը միավորվել է և վարչապետի թեկնածու առաջադրել, որը ձևավորելու է ժամանակավոր կառավարություն և մեկ տարվա ընթացքում ապահովելու է նոր ընտրություններ երկրում: Ըստ էության, կարող ենք եզրակացնել, որ Տեր-Պետրոսյանն ընդդիմանում է իշխանությանը, ընդդիմանում է ընդդիմությանը: Գուցե Տեր-Պետրոսյանը խանդո՞ւմ է, որ ինքը չէ ընդդիմության միասնական թեկնածուն: Հավանաբար, դրա իրավունքն ունի, քանի որ հենց իր նախագահության տարիներին է ազատագրվել 12,600 ք/կմ Արցախ: Ինչի համար խորին հարգանք ՀՀ առաջին նախագահին, հատկապես այս օրերին, երբ կորցրել ենք այդ Արցախը: Դրանով իսկ Տեր-Պետրոսյանը կատարել է իր պատմական առաքելությունը և վեր է ամենայն հաշվից ու խանդից: Հարկ է և ոգու ամրություն, որ հաղթանակած նախագահին տեսնենք իր բարձրության վրա այս՝ մի քիչ հույսի ու լույսի սպասումով օրերում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular