ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը թեմայի մեջ է՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրեր առաջ ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Ռիքերը հայտարարել է, թե ինչպես Հայաստանի հաղթանակը չէր լուծել Արցախի հարցը, այդպես էլ չի լուծել Ադրբեջանի հաղթանակը, և հարցը չունի ռազմական կարգավորում, պետք է խաղաղ բանակցություն: Ըստ ամենայնի, Հայաստանի և Ադրբեջանի հաղթանակ ասելով, ամերիկացի պաշտոնյան ակնարկում է Ռուսաստանի և Թուրքիայի հաղթանակները: Վերջին հաշվով, առաջին պատերազմի հաղթանակը՝ ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա տրամաբանությունը և ընթացքը, Ռուսաստանի հաղթանակն էր: Արցախի երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը գործնականում Թուրքիայի հաղթանակն է: Ամերիկացի պաշտոնյան խոսում է, որ Վաշինգտոնը ռեգիոնը չի պատկերացնում նրանցից որևէ մեկի հաղթանակով, կամ երկուսի պայմանավորվածությամբ: Ռիքերն, ըստ էության, ակնարկում է, որ լուծում կարող է լինել միայն պայմանավորվածությունը Վաշինգտոնի հետ: Նա խոսում է գործնականում առերևույթ Արցախի հարցի լուծման մասին, բայց տողատակում, անշուշտ, Ռիքերի խոսքը ռեգիոնալ իրադրության, ռեգիոնալ ռազմա-քաղաքական անվտանգության ճարտարապետության մասին է: Ակնարկը՝ որ հնարավոր չէ «սեյսմակայուն» ճարտարապետություն առանց Վաշինգտոնի:

Փաստացի, Ռիքերը Թրամփի հեռացող վարչակազմի ներկայացուցիչ է, թեև նոր եկող Բայդենի վարչակազմը՝ դատելով նրա նախընտրական հայտարարությունից, դավանելու է հենց Վաշինգտոնի կովկասյան աշխուժության քաղաքականություն: Օրերս տարածվեց տեղեկություն, որ Էրդողանի վարչակազմը սկսել է աշխույժ ջանք Բայդենի իշխանության հետ հարաբերությունը ջերմացնելու համար: Այդ ֆոնին Մոսկվան սկսեց խոսել, որ Մոսկվան Թուրքիայի հետ չունի սկզբունքային տարաձայնություն: Բանն այն է, որ, ի տարբերություն Պուտինի, Էրդողանը չունի ԱՄՆ հետ հարաբերության մեծապետական բարդույթ: Նա հավակնում է լինել օսմանյան կայսր, բայց չունի սառըպատերազմյան խորհրդային նստվածք՝ ի տարբերություն «դերժավնիկ» Պուտինի, որը անցել է ՊԱԿ կուռ դպրոցն ու ԽՍՀՄ, այսինքն՝ ԱՄՆ հետ դիմակայող գլխավոր բևեռի փլուզումը համարում է 20-րդ դարի գեոպոլիտիկ աղետ: Պուտինն իր ամբողջ իշխանությունը կառուցել է դրա՝ աղետի հետևանքը վերացնելու և «դերժավան» ծնկած տեղից կանգնեցնելու վրա: Դա ենթադրում է ԱՄՆ հետ ոչ թե հարաբերության, այլ դիմակայության կառուցում: Այն դեպքում, երբ դրա ռեսուրսը պարզապես չկա:

Այդ իմաստով, մի կողմից հիանալի պատկերացնելով ԱՄՆ հետ գործակցելու անհրաժեշտությունը, Պուտինը, մյուս կողմից, այդ հարցում զգալիորեն կաշկանդված է, քան Էրդողանը: Ըստ էության՝ Թուրքիան կարող է ստանալ ռեգիոնալ առավելություն, Ռուսաստանն, անշուշտ, զգում է դա: ԱՄՆ-ն, անշուշտ, Թուրքիային չի տա ճնշող առավելության հնարավորություն, բայց իրավիճակը Մոսկվայի համար միևնույն է մնալու է բավականին նյարդային, հատկապես լուծումների և հնարավորությունների սղման պայմաններում: Կրեմլին պետք է նոր առաջնորդ, անգամ հին մեծապետականությամբ, բայց գաղափարական նոր կոնցեպտով, որը ճնշված չի լինի ԽՍՀՄ հանդեպ «կարոտաբաղձության» բեռով և կկարողանա Էրդողանի կամ Թուրքիայի հետ մրցակցել ԱՄՆ ուղղությամբ հարաբերություն կառուցելու հարցում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular