ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային հարևանի նոր տեսլականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը թվիթերյան գրառումով շատ կոշտ է արձագանքել Բաքվի ռազմական շքերթում Էրդողանի խոսքերին: Մասնավորապես Զարիֆը հայտարարել է, որ Էրդողանը հավակնություն է ներկայացնում իրանյան տարածքների և Ադրբեջանի սուվերենության նկատմամբ: Նա հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի խոսելու «մեր սիրելի» Ադրբեջանի մասին: Իրանի արտգործնախարարի կոշտ հայտարարությունը վկայում է Իրանի բավականին լարված տրամադրության մասին, որովհետև խոսքը վերաբերում է արտգործնախարարի մակարդակով Թուրքիայի նախագահի մակարդակ հղվող նախատինքի մասին: Եթե ուշադիր վերլուծենք ընդհանուր համայնապատկերը, ապա, ըստ էության, Իրանի վարքագիծը թողնում է բավականին հակասական տպավորություն՝ այդ իմաստով նաև ընդհանուր առմամբ ստեղծելով տխուր պատկեր: Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Գալիֆան օրերս Թեհրան այցելած Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանում վարձկանների ներկայությունն ու Իսրայելի աշխուժությունը սպառնում են ռեգիոնի անվտանգությանը: Դրան զուգահեռ, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան գրառում էր արել, որտեղ նա նշել էր, թե Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը: Մինչդեռ ողջունել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը» նշանակում է, որ Իրանը գործնականում ողջունում է իր պարտությունը: Որովհետև այն, ինչ կոչվում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում», մեծ հաշվով սպառնալիք է Իրանի անվտանգությանը, ինչի մասին Բաքվի արտգործնախարար Բայրամովի հետ հանդիպմանը ասել է հենց Իրանի Մեջլիսի նախագահը:

Փաստացի, Զարիֆն ինքը մի քանի օր անց նույնը խոստովանում է Էրդողանի մասին իր գրառումով: Իսկ Էրդողանը ելույթ է ունենում որպես հաղթող, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանին, այլև գուցե առաջին հերթին հենց իր ռեգիոնալ գլխավոր մրցակիցներին՝ Ռուսաստանին և Իրանին հաղթող: Եվ եթե նոյեմբերի 9-ով Ռուսաստանը ստացավ հաղթանակի իր բաժինը, ապա ինչ է ստացել Իրանը՝ մեծ հարց է: Կամ, ավելի շուտ, այդ հարցն արդեն ունի ցավալի պատասխան՝ ոտնձգություններ Իրանի սահմանների և էլիտայի ներկայացուցիչների հանդեպ: Խոսքն օրերս տեղի ունեցած սպանության մասին է, երբ Թեհրանում անօդաչու սարքից կառավարվող հրազենից սպանվեց այդ երկրի միջուկային ծրագրի ղեկավարներից մեկը՝ հայտնի ֆիզիկոս Մահսեն Ֆախրեզադեն: Ըստ էության՝ Իրանը Արցախի դեմ պատերազմում թողեց տխուր տպավորություն՝ գործնականում անկարող լինելով չեզոքացնել իր համար առանցքային սպառնալիքներ, որոնք պատերազմի դադարից մի քանի օր անց ուղիղ ձևով դրսևորվեցին Թեհրանում միջուկային ծրագրի ղեկավարներից մեկի՝ հայտնի ֆիզիկոսի սպանության տեսքով:

Այդ պայմաններում Թեհրանը մի շարք հասկանալի պատճառներով ստիպված է ողջունել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումը»: Մի բան, որ սպառնում է Իրանի տարածքային ամբողջականությանը: Բայց Հայաստանի հարավային հարևանը չունի սեփական շահը ավելի կոշտ կերպով պաշտպանելու հնարավորություն: Ցավալի է այն, որ զանազան տարբերակներով այստեղ «արդարացում» է փնտրվում այն, թե Հայաստանը առաջացրել էր անվստահություն Իսրայելի հետ հարաբերություն կարգավորելու իր մտադրությամբ: Ստացվում է, որ Ադրբեջանը չէր առաջացրել մտահոգություն՝ Իսրայելին փաստացի տալով Իրանի դեմ տեխնոլոգիական պլացդարմ, իսկ Հայաստանը, որ ընդամենը մտորում էր հարաբերության աստիճանի բարձրացման մասին՝ մտահոգել էր Իրանին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular