ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական դառը իրականությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ է, որ Արցախում 44 օր տևած պատերազմի վերքերը դեռ երկար են իրենց մասին հիշեցնելու։ Կորսված հայրենիքը՝ Արցախի ահռելի մասը, զոհված հազարավոր զինծառայողները, տասնյակ հազարի հասնող վիրավորները մեր ամենցավոտ վերքերն են։ Սակայն, պատերազմի հետևանքները շատ ավելի երկարատև են՝ անմիջականորեն Հայաստանի սահմաններին սպառնացող թուրք-ադրբեջանական վտանգից մինչև տնտեսական խորը ճգնաժամ՝ դրանից բխող բոլոր բացասական սոցիալական հետևանքներով։ Բոլորս ենք հիշում, որ ընդամենը երկու շաբաթ առաջ հայկական դրամը մի քանի օրվա մեջ կտրուկ արժեզկվեց՝ 1 դոլարի դիմաց 490 դրամից հասնելով մինչև 520 դրամի։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ այդ օրերին դոլարը ոչ թե արժևորվում էր, այլ՝ արժեզրկվում։ Սա, թերևս, ամենախոսուն փաստն էր այն բանի, որ մեր ազգային արժույթի թուլացումը ունի ներքին պատճառ՝ դա մեր տնտեսական անկման հետևանք է։ Անկում, որ սկսվել էր մոտ երկու տարի առաջ և շարունակվում էր այս ողջ ընթացքում, որը երկրի իշխանությունը զավթած խմբակի արկածախնդրությունների հետևանքն է։Կորոնավիրուսն ու պատերազմը միայն ավելի ակնառու դարձրեցին այդ իշխանության հանցագործ կառավարման հետևանքները։

Սրան զուգահեռ՝ անցած երկու շաբաթվա ընթացքում Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ և իրականացրեց որոշակի քայլեր արտարժութային շուկայում ցնցումները բացառելու համար։ Արդյունքում, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ որոշ չափով արժևորվեց և սկսեց տատանվել 500-505 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքում։ Սակայն ակնհայտ էր, որ դա միայն ժամանակավոր լուծում էր, իսկ տնտեսական կացությունը նորից բերելու էր ազգային արժույթի արժեզրկմանը։ Նախօրեին դա տեղի ունեցավ՝ դրամը արժեզրկվեց բոլոր միջազգային արժույթների նկատմամբ։ Մասնավորապես, 1 դոլարի դիմաց հայկական դրամը երեկ դարձյալ հասավ 520-525 առավելագույն սահմանին։ Կենտրոնական բանկի քայլերը որքան էլ համարժեք լինեն, առնվազն դրամի արժևորման առաջիկայում չեն բերելու։ Դրամի արժեզրկումն անմիջական արձագանք է ունենալու մեր սոցիալական կացության վրա։ Մասնավորապես, դա արդեն հանգեցրել է սպառողական ապրանքների և ծառայությունների գների աճին։

Արձանագրենք այն ապրանքների գումարային թանկացումները, որոնց ականատեսն ենք մենք բոլորս։ Դեռ հոկտեմբերի սկզբին թանկացավ բուսական յուղը՝ 1լ տարողությամբ 600-650 դրամ միջին գնով վաճառվող այդ ապրանքնատեսակի գինը դարձավ 750-800 դրամ։ Վերջին օրերին բուսական յուղը թանկացավ ևս 50 դրամով։ Միաժամանակ, շաքարավազը թանկացել է 20 դրամով, ալյուրը՝ 20 դրամով, ձուն՝ 1 հատը 15 դրամով, հացը՝ միջինը 20 դրամով, թռչնամիսը՝ 1 կգ-ն մոտ 100-150 դրամով, կարագը՝ մոտ 200 դրամով։ Կտրուկ թանկացել են մրգերն ու բանջարեղենը։ Ի դեպ՝ ՏՄՊՊՀ-ն ինչ-որ ուսումնասիրություններ արեց, վարույթներ հարուցեց և այն հիմնական եզրակացության եկավ, որ թանկացումները տեղի են ունեցել օբյեկտիվ պատճառներով։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular