ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներքաղաքական լարվածությունը կհանգուցալուծվի, երբ հստակեցվեն արտահերթ ընտրությունների հարցերը. Գարիկ Քեռյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին նշեց, որ ընդդիմություն- իշխանություն պայքարը թեև շարունակվում է, բայց Հայաստանին այսօր առաջին հերթին անհրաժեշտ է կայունություն, այսրոպեական հարցերը լուծելու համար:

 «Ըստ էության անկախության հռչակումից ի վեր 30 տարվա ընթացքում մենք չենք ունեցել հստակ սահմանազատում, չկան նաև սահմանների հետ կապված միջպետական համաձայնագրեր Թուրքիայի հետ: Հարևան Վրաստանի հետ սահմանազատումը սկսվել է, բայց որքան տեղյակ եմ, այն դեռ չի ավարտվել: Եվ, որպես թիվ մեկ խնդիր ես այսօր տեսնում եմ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանազատման գործընթացի կազմակերպումը իշխանությունների կողմից, որպեսզի թույլ չտանք, որ դրանք ուղեկցվեն տարածքային կորուստներով:

Երկրորդ խնդիրը ներքաղաքական լարվածության հարցի հանգուցալուծումն է, որը տեղի կունենա այն ժամանակ, երբ կհստակեցվի, թե ե՞րբ են տեղի ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ինչ մեխանիզմներով»,- ասաց Գ. Քեռյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետները հստակեցնելը թույլ կտա քաղաքական կուսակցություններին ներքաղաքական փոխհրաձգությունների փոխարեն պատրաստվելու արտահերթ ընտրություններին:

 «Այսօր պետք է բոլորը գիտակցեն, թե որոնք են առաջնային և երկրորդական խնդիրները: Բացի այդ, «մինչև վերջ գնալու», «տապալելու», «կործանելու» և դրանով իսկ միայն սեփական պահանջները բավարարելուն ուղղված քայլերին ես վերապահումով եմ մոտենում, քանի որ մենք այն երկիրը չենք և այն իրավիճակում չենք գտնվում, որ բախումների սրումը երկրին զերծ պահի ցնցումներից, ինչն ամեևին էլ ցանկալի չէ»,- ասաց Գ. Քեռյանը:

Նա նաև նշեց, որ թեև իշխանություններն էլ են համոզված, որ իշխանական էլիտայի փոփոխությունն այլընտրանք չունի, բացի այդ Հայաստանում այսօր չկա որևէ մեկը, որ այդպես չմտածի, բայց հարցին, թե արդյո՞ք ներկայիս պայքարը արտահերթ ընտրությունները կազմակերպելու համար է, Քեռյանը նշեց, որ լինելով փոքր երկիր, որտեղ զարգացած ժողովրդավարական ընտրական ավանդույթներ դեռևս ձևավորված չեն, իսկ պետական կառավարման համակարգը այն աստիճանի կայացած չէ, որ չխառնվի ընտրություններին:

 «Ուստի, առայժմ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը իր մոտեցումներն է փորձում առաջ տանել. պայքարը գնալով սրվում է: Այս պահին իմ կարծիքով շանսերը դեռևս 50/50 է, ժամանակը ցույց կտա և կտեսնենք, թե ո՞ր կողմը կհաղթի այս պայքարում»,- ասաց Գ. Քեռյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular