ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լուծման առաջին բանալին գործող տապալված իշխանությունների ամբողջական հեռացումն է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածաշրջանում անվտանգային բոլոր բալանսները խախտվել են, չի գործում անվտանգային նախկին համակարգը: Նոր համակարգ էլ, ըստ էության, գոյություն չունի: Այս կարծիքին է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք ներկա իրավիճակից բխող վտանգներին, դրանցից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու հնարավորությանը: «Մենք բախվել ենք մի իրավիճակի, երբ մենք ինքներս չենք կարողանում ապահովել ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի անվտանգությունը: Եթե առաջ Հայաստանը ոչ միայն իր, այլև Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն էր, հիմա նույնիսկ ինքն իր անվտանգության երաշխավորը չէ: Ի դեպ, դրա մասին փաստում է վերջին օրերի ադրբեջանական ակտիվությունը՝ ամենատարբեր ուղղություններով»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց քաղաքագետը:

Ըստ նրա, վերոնշյալը մեկ բացատրություն ունի. «Ադրբեջանը, տեսնելով, որ մենք ունակ չենք որևէ բան անելու, սկսել է ակտիվանալ ու պոկել այն, ինչ հնարավոր է: Եվ քանի չկա դիմադրություն, Ադրբեջանը տանելու է առավելագույնը: Խոսում են Սևանի, Երևանի մասին, որոնք բնավ հայտարարություն չեն: Դա, մեծ հաշվով, պլանավորում է: Այսինքն, կոնկրետ գործողություն է պլանավորել՝ տանել այն, ինչ հնարավոր է: Քանի դեռ չունենք աշխատող պետություն, պետական կառավարման համակարգ, ես դժվարանում եմ ասել՝ մենք կկարողանա՞նք որևէ մարտահրավերի դիմակայել, թե ոչ»: Սուրեն Սարգսյանի խոսքով, վտանգները, բնականաբար, այս պարագայում շատ- շատ են:

«Վտանգված է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանն Արցախինը զավթել է և ցանկություն ունի զավթելու նաև ՀՀ-ի հնարավոր հատվածները: Մասնավորապես՝ Սյունիքը՝ ուղիղ կապ ունենալու Նախիջևանի, հետևաբար, նաև Թուրքիայի հետ»,-նշեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով կառավարման համակարգին ու այդ համատեքստում խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ քաղաքագետը շեշտեց. «Իհարկե, պետական կառավարումը վերաբերում է նաև արտաքին քաղաքական հարցերին: Եթե դու չես կարողանում ճիշտ կառավարել ու օգտագործել այն գործիքները, որոնք դու ունես արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի համար, ապա, բնականաբար, դու տապալում ես նաև արտաքին քաղաքականությունը:

Էֆեկտիվ կառավարում մեր երկրում որևէ ոլորտում գոյություն չունի: Եվ, հետևաբար, էֆեկտիվ չի կարող կառավարվել նաև արտաքին քաղաքականությունը, ինչը հանգեցնում է դիվանագիտական, պառլամենտական բացթողումների: Եվ, ընդհանրապես, նշված խնդիրը բոլոր տեսակի բացթողումների ու տապալումների պատճառ է դառնում: Այնպես որ, եթե մի բան տապալվում է, ապա դոմինոյի էֆեկտով տապալվում են նաև մնացած ոլորտները: Եվ, ըստ էության, մենք հիմա գործ ունենք հենց այդ վիճակի հետ»: Քաղաքագետի դիտարկմամբ, հիմա տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, իրականում չի ավարտվել. «Դեռևս փոխհրաձգություններ են լինում, բացի այդ, ադրբեջանցիները փորձում են ամրացնել իրենց դիրքերը հենց Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ:

Մենք տեսնում ենք, որ ադրբեջանցիները ցանկություն ունեն առաջ գալ նաև Արցախում: Այնպես որ, այս ամենը նոր է սկսվել, և այս ամենը դեռ չի ավարտվել: Միգուցե ռազմական գործողությունների ակտիվ փուլը վերջացել է, բայց, ըստ էության, կարող ենք ֆիքսել, որ հիմա ռազմական գործողությունների ոչ ակտիվ փուլ է: Եվ կարող ենք պնդել, որ էֆեկտիվ կառավարման ու ընդհանրապես պետական համակարգի աշխատանքի բացակայությունն ամենավատ հետևանքներն է բերելու, որոնք, ի դեպ, այսօր արդեն իսկ առկա են»: Սուրեն Սարգսյանը շեշտեց՝ չգիտենք, թե կապիտուլ յացիոն փաստաթղթից զատ այլ պայմանավորվածություններ կան, թե ոչ. «Բայց, համենայն դեպս, հաշվի առնելով այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, տպավորություն է ստեղծվում, որ կա նաև ոչ գրավոր պայմանավորվածությունների մի աբողջական փաթեթ, որի մասին իշխանությունները հանրությանը չեն տեղեկացնում»:

Քաղաքագետը նշեց՝ կորցրել ենք Արցախը, հնարավոր է՝ կորցնենք նաև ՀՀ-ի մի մասը: «Սա ամբողջությամբ ռեալ սցենար է, որի վրա աշխատում են թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում: Երկրորդ՝ Հայաստանը կարող է պաշտոնապես դառնալ տապալված պետություն՝«failed state»: Ըստ էության, իրավիճակի լուծման առաջին բանալին գործող տապալված իշխանությունների ամբողջական հեռացումն է պետական կառավարման համակարգից: Շեշտում եմ՝ ամբողջական հեռացումը, որովհետև նրանք ապացուցել են, որ ի վիճակի չեն ո՛չ դիվանագիտական, ո՛չ էլ քաղաքական գիտելիքներով պաշտպանել ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շահերը: Այնպես որ, կարծում եմ՝ էֆեկտիվ կառավարման վերականգնումը առաջին քայլը պետք է լինի: Որքան շուտ այդ վերականգնումը լինի, այդքան հնարավորություն կունենանք փրկել այն, ինչ մնացել է: Ամեն օրը մեզ ինչ-որ նոր զարգացում է բերում: Ամեն օրը մեզ բերում է լուրեր, որոնք բացասական են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular