ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիլետանտ քայլ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, վերջին մի քանի օրերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հարավային Կովկասում էին։ Իրենց ծրագրի համաձայն՝ նախ նրանք այցելեցին Բաքու, որտեղ արժանացան բավական սառը, նույնիսկ տարրական դիվանագիտական էթիկայից զուրկ ընդունելության Իլհամ Ալիևի կողմից։ Այդ հանդիպման մասին Բաքվի տարածած հայտարարություններից այն տպավորությունն էր ստեղծվում, որ ի դեմս Ադրբեջանի նախագահի, գործ ունենք ոչ թե МГИМО-ի շրջանավարտ, կադրային դիվանագետի հետ, այլ կամ նեղացած երեխայի, կամ էլ առնվազն ինչ-որ մեկի պատվերը կատարող գործակատարի։ Այս այցը անսովոր էր նրանով, որ չկար ռուս համանախագահ Իգոր Պոպովը։ Բաքվում նրան փոխարինում էր Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը, իսկ արդեն երեկ համանախագահները Երևանում էին։ Հանդիպումներ ունեցան ԱԳ նախարարի և Փաշինյանի հետ։ Հայաստանում ռուս համանախագահին փոխարինում էր Հայաստանում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Ու մինչ համանախագահները Երևանում Հայաստանի ղեկավարության հետ էին հանդիպում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանի կողմից տարածվեց մի հայտարարություն, որը, մեղմ ասած, իր բովանդակությամբ տարակուսելի է, և բավականին հակասական։ Ըստ այդմ՝ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և Անջեյ Կասպշիկի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, քանի որ ֆորմատը ոչ լիարժեք է եղել և բացակայել է ռուս համանախագահը:

Իրականում նախ զարմանալի է նման հայտարարությունն ընդհանրապես, քանի որ գոնե այն պահից սկսած, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը և սկսեց Ղարաբաղյան հարցը կարգավորել «իր կետից», համանախագահները կարծես թե բավարարվում էին միայն Երևան և Բաքու այցերով, իսկ արդեն Երևանից, այդ այցերից հետո սովորաբար ղեկավար կազմով պատվիրակություն էր գնում Արցախ՝ հանդիպման արդյունքները այնտեղ ներկայացնելու, քննարկումներ ծավալելու համար։ Տրամաբանական հարց է առաջանում, եթե կա մի աշխատակարգային ոճ, ապա էլ ինչու պետք է հանդիպեին համանախագահները Արայիկ Հարությունյանի հետ։ Եվ բացի այդ, եթե հայտարարվում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ համանախագահների և Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է, ապա մի պարզագույն հարց․ քանի հայկական կողմ կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Գուցե համանախագահներն ունեցել են նախապես մտադրություն այցելել նաև Ստեփանակերտ, սակայն Փաշինյանն է դեմ եղել, բայց դա մի փոքր անհեթեթ է թվում հատկապես այժմյան իրականության պայմաններում։

Եվ վերջապես՝ ինչո՞ւ է շեշտվում ռուս համանախագահի բացակայությունը։ Եթե Իգոր Պոպովը բացակա էր, ապա նրա փոխարեն կարծես թե ներկայանում է ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ Բաքվում ի դեմս Ադրբեջանում հավատարմագրված ՌԴ դեսպանի, Եևանում՝ ՀՀ-ում ռուսական դիվանագիտական առաքելության՝ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի։ Այլ կերպ ասած՝ Իգոր Պոպովի անձնական-ֆիզիկական ներկայությունը ի՞նչ էր տալու Արայիկ Հարությունյանին, կամ նրա համար միրնույնը չէր, թե Ռուսաստանը կներկայացնի Պոպովը թե ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինոգուբովը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular