ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խմբի ձևաչափը թեև ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ է, բայց կարևոր ձևաչափ է. Սուրեն Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ: Մի մասի կարծիքով այն կրում էր ձևական բնույթ, քանի որ Արցախի հարցն, ըստ իրենց, այլևս փակված է: Մյուսները համոզված են, որ տարածաշրջանային այցը Հայաստանին ուղղված հստակ մեսիջ էր, որից պետք է պաշտոնական Երևանը կարողանա հնարավորինս օգուտներ քաղել:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով այցին նշեց, որ միջնորդական այս ձևաչափը չի կարելի փակված համարել: Ու, թեև Մինսկի խմբի համանախագաների այս այցը հստակ օրակարգ չուներ, սակայն կարևոր էր, քանի որ մի կողմից իրավիճակին ծանոթանալու, մյուս կողմից նոր ստատուս-քվոյի հարցը քննարկելու նպատակ էր հետապնդում:

«Նախ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը, որը ես համարում եմ կապիտուլյացիոն, չի ներառում Արցախի կարգավիճակի հարցի հստակեցման մասին որևէ դրույթ: Եվ ինչքան էլ Ալիևը պնդի, որ Արցախի հակամարտության հարց այլևս գոյություն չունի, այնուամենայնիվ, կարգավիճակի հարցը բաց է մնացել: Ուստի, եթե կա խնդիր, ապա դրանով պետք է որոշակի միջազգային ձևաչափ զբաղվի, որն այս պահին Մինսկի խումբն է: Այլ հարց է, որ ինստիտուցիոնալ առումով այդ ձևաչափն այս պահին ճգնաժամի մեջ է, ինչն անզեն աչքով է երևում: Եվ, այն, որ ռուսաստանցի համանախագահը տարածաշրջանային այցին չէր մասնակցում, իմ կարծիքով՝ խոսում է այն մասին, որ այցը կազմակերպվել էր արևմտյան կողմի նախաձեռնությամբ, որի հիմնական նպատակը իրենց դժգոհությունը համատեղ հայտարարությունից արտահայտելն էր»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Ըստ կուսակցության առաջնորդի, ակնհայտ է, որ տարածաշրջանում նոր սատուս-քվոյի ճարտարապետները Ռուսաստանն ու Թուրքիան են դարձել: Ուստի, այս համատեքստում Մինսկի խմբի ղերակատարությունը երկրորդական է դարձել, իսկ Ռուսաստանը հնարավորություն է ստացել նպատակահարմարությունից ելնելով ընտրել, թե ում հետ է տվյալ պահին համագործակցում:

«Մինսկի խմբի ձևաչափը Հայաստանի համար լրացուցիչ պատուհան և շանս է առաջիկա տարիներին Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելու և այն այս պահին ստեղծված ստատուս-քվոին հակակշռելու համար, որն այնքան էլ նպաստավոր չէ Հայաստանի համար: Սա նաև խողովակ է, որի միջոցով Հայաստանը կկարողանա վարել քիչ-թե շատ բալանսավորված քաղաքականություն: Իհարկե, մեծ իլյուզիաներ պետք չէ ունենալ, քանի որ դեռևս պարզ չէ, թե Միացյալ Նահանգների նոր վարչակազմը ինչպիսի նոր քաղաքականություն է վարելու մեր տարածաշրջանում: Մյուս կողմից Ֆրանսիան,Ադրբեջանի և Թուրքիայի աչքերում կորցրել է իր նեյտրալիտետը, բայց իմ կարծիքով՝ քանի դեռ չեղարկված չէ Մինսկի խմբի մանդատը, այն կշարունակի մնալ պատուհան, որն օգտագործելով Հայաստանը կարող է փոխել ստատուս-քվոն, որն ամրագրվել է նոկեմբերի 9-ի խայտառակ hամաձայնագրով »,- ասաց Ս. Սուրենյանցը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ Հայաստանը, նույնիսկ այս իրավիճակում, իրավունք ունի պրագմատիկ ամբիցիաներ ձևակերպելու: Եվ հայ-ռուսական հարաբերությունների առաջնահերթությունն ընդունելով հանդերձ, հայկական դիվանագիտությունը մշտապես պետք է պատուհաններ գտնի արևմուտքի և այլ երկրների հետ հարաբերությունները սերտացնելու համար, որպեսզի Հայաստանը միակողմանի կախվածության մեջ չհայտնվի այս կամ այն երկրից: Սուրենյանցի կարծիքով սա է Հայաստանի սուբյեկտայնության և ինքնիշխանության միակ ճանապարհը, որին այլընտրանք չի կարող լինել:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular