ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է թույլ չտանք, որ Ադրբեջանը օգտվի երկրում տիրող անկայուն իրավիճակից. Էմիլ Օրդուխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի կարծիքով այս պահին ամենակարևորը երկրի ներքաղաքական կայունությունը պահպանելն է, որպեսզի հնարավորություն ընձեռվի բանակին վերակազմակերպվելու:

Բացի այդ, ռուսական ռազմական ուժերի մուտքը Արցախ փոխել է իրադարձությունների տրամաբանությունը, ինչը նոր մոտեցումներ ձևավորելու պահանջ է առաջացնում:

 «Այնպիսի իրավիճակ է առաջացել, որ ցանկացած պրոցես՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական  հետայսու  տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության համաձայնությամբ: Այս ամենը, փաստացի փոխել է աշխարհաքաղաքական ընկալումը Արցախի հարցի շուրջ և Հայաստանը պետք է փորձի ավելի ճկուն քաղաքականություն վարել և հավասարակշռել իր շահերը միջազգային այլ գերտերությունների հետ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Է. Օրդուխանյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ եթե հարցերը շարունակեն լուծվել ռուս-թուրքական սակարկությունների և պայմանավորվածությունների շրջանակներում, ապա մենք կարող է նոր անակնկալների առջև կանգնենք, ուստի հարկավոր է քայլեր ձեռնարկելիս լինել զգոն:

 «Այն պայմաններում, երբ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ սպառված համարել Մինսկի խմբի ձևաչափը, պետք էր առավելագույնս օգտագործել համանախագահների ձևաչափը: Առավել ևս, որ ռուսական կողմը դեռևս որպես առաջնահերթություն չի դիտարկում Արցախի հարցի կարգավիճակի հարցը: Եվ եթե մենք պասիվություն ցուցաբերենք այս հարցում, ապա մենք չենք կարողանա օգտվել մեր հնարավորություններից և խոսել սուբյեկտայնության մասին: Արցախը պետք է վերջնականապես կողմնորոշվի անկախության ձգտելու և դրան ուղղված քայլերը գործնականում իրականություն դառնալու շանսերի առումներով:

Այս ամենը տեսանելի կլինի առաջիկա քայլեր իրականացնելու ժամանակ, բայց այդ ամենով հանդերձ Արցախը պետք է նաև առիթը բաց չթողնի Մինսկի խմբի համանախագահների հետ տարբեր ձևաչափով շփումներ ունենալու հնարավորությունից օգտվելու համար: Այս ամենին հասնելու համար առաջին հերթին և՛ Հայաստանում, և՛ Արցածում պետք է պահպանվի ներքին կայունությունը, որպեսզի հնարավոր լինի հանգիստ պայմաններում քայլեր ձեռնարկել, որպեսզի թույլ չտանք, որ Ադրբեջանը օգտվի երկրում տիրող անկայուն իրավիճակից»,- ասաց Է. Օրդուխանյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular