ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խմբի գոյության հարցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Բաքու և Երևան կատարած այցերից հետո Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հայտարարություն են տարածել․ ինչպես հայտնի է՝ ռուս համանախագահը չէր մասնակցում այցին։ Բաքվում Ալիևը բավական կոշտ հայտարարություններ է արել ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների հետ հանդիպմանը, ասելով, որ նրանց ինքը չի հրավիրել, իսկ Մինսկի խումբն էլ անգործություն է դրսևորել։ Իր խոսքում Ալիևն ասել է, որ համաձայն է Պուտինի հետ, որ հակամարտությունը լուծված է։ Այսինքն, Ալիևը հայտարարել է, որ ՄԽ ձևաչափը չկա, և այնտեղ բանակցություններ չպետք է լինեն։ Փաստացի, Ալիևը կրկնել է ավելի վաղ Պուտինի և Լավրովի մտքերը։ Զուր չէ, որ ռուս համանախագահը չի մասնակցել այցին։ Մոսկվան և Բաքուն փորձում են չեզոքացնել Մինսկի խումբը կամ պարտադրել ընդունել եռակողմ հայտարարությունը, որի վերաբերյալ կոշտ գնահատականներ են հնչեցրել ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ասելով, որ դա չի կարող համարվել կարգավորում։ Երևանում ԱԳՆ-ում ու կառավարությունում հանդիպումների ժամանակ հայկական կողմը դրել է Արցախի դեօկուպացիայի, տեղահանվածների վերադարձի և Արցախի կարգավիճակի հարցը։

Ուշագրավ է, որ իրենց տարածած բավական անորոշ առաջին հայտարարությունից հետո ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները տարածել են նոր հայտարարություն, ավելի ճիշտ՝ լրացում, որում նշվում է եռակողմ հայտարարությունից դուրս մնացած հարցերի կարգավորման անհրաժեշտությունը։ Այսինքն, այն հարցերը, որոնք բարձրացրել է հայկական կողմը։ Եթե Մոսկվային ու Բաքվին հաջողվի չեզոքացնել Մինսկի խմբի ձեւաչափում բանակցությունները, թեեւ Մոսկվան այնուամենայնիվ «մի շոշափուկով» դեռ մնում է այնտեղ, մյուսներով հայկական կողմին պարտադրելով նոր տարածքների հանձնումը, այդ պարագայում հնարավոր են տարբեր զարգացումներ։

Մասնավորապես, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան կարող են խթանել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը։ Ֆրանսիան արդեն կատարել է «նախապատրաստական աշխատանքը», խորհրդարանի զույգ պալատների ընդունած ճանաչման վերաբերյալ բանաձեւերով, որոնցում նաեւ հստակ նշվում են կարգավորման պայմանները։ ԱՄՆ պարագայում ուշագրավ են համանախագահ Էնդրյու Շոֆերի թվիթերյան գրառումները, որոնցում նա Բայդենի վարչակազմին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը։ Մեկ այլ գրառմամբ Շոֆերը նշել էր, որ Ալիևին «պետք է կշտամբել Մոսկվայի հետ նոր անարդար գործարքի համար», ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս լուծված չէ: Առաջին հայացքից ակնհայտ են, որ այս գրառումները համահունչ են Ֆրանսիայի ընդունած որոշումներին։

Ի՞նչ է ստացվում․ եթե ըստ Մոսկվայի ու Բաքվի հակամարտություն այլևս չկա, ըստ այդմ՝ չկա Մինսկի խմբի նպատակահարմարությունը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան կարող են դիմել Արցախի ճանաչման քայլին։ Դա է վկայում համանախագահների վերջին լրացումը հայտարարությանը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular