ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանական հստակեցումներ ՀՀ մասով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Մեծ Բրիտանիան հայտնել է Հայաստանում նոր դեսպանի նշանակման մասին: Դեսպանը Ջոն Գալագերն է, որը Հայաստանում պաշտոնը կստանձնի 2021 թվականի մարտին: Կստանձնի՞, թե ոչ: Դեռ հարց է, համենայն դեպս ելնելով Հայաստանում բրիտանական դիվանագիտական առաքելության վերջին տարիների իրադրությունից: Ինչպես հայտնի է` Հայաստանում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչության շուրջ տևական ժամանակ ծավալվում են ուշագրավ գործընթացներ: Օրինակ, 2016 թվականի գարնանը պարզվեց, որ խնդիրներ կան Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանության շենքի հետ կապված: Դիվանագիտական առաքելությունը թողեց շենքը, ընդ որում առ այսօր չունենալով նոր շենք և շարունակելով աշխատանքը հյուրանոցներից մեկում: Ըստ էության, պաշտոնական բացատրություն, թե ինչ խնդիր կա շենքի հետ կապված, չեղավ: Եղան ոչ պաշտոնական շշուկներ և խոսակցություններ, որ շենքից դուրս գալու պատճառը եղել է դիվանագիտական առաքելության շենքի գաղտնալսման ռիսկը: Այդ շշուկները չեն ունեցել որևէ պաշտոնական հաստատում, սակայն իրադրությունն իսկապես արտառոց է:

Մյուս ուշադրության արժանի հանգամանքը այն էր, որ 2019 թվականի մայիսին Մեծ Բրիտանիան Հայաստանում դեսպան նշանակեց հայազգի դիվանագետի՝ Ալան Գոգբաշյանին: Նա պաշտոնը պետք է ստանձներ 2019-ի աշնանը, բայց մինչ կստանձներ՝ Մեծ Բրիտանիան կայացրեց նրան այլ աշխատանքի տեղափոխելու որոշում, իսկ նրա փոխարեն Երեւանում նշանակվեց գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Դեյվիդ Մորան: Այժմ նշանակվում է դեսպան՝ Ջոն Գալագերը: 2015-2019 թվականներին Գալագերը եղել է Արգենտինայում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան: Այդ հանգամանքը ուշադրության է արժանի արգենտինա-բրիտանական հարաբերության պատմությամբ: Դեռեւս 1823 թվականից հաստատված այդ հարաբերությունը խզվեց 1982 թվականին՝ Ֆոլկլենդյան կղզիների համար բախման հետեւանքով: 1990-2000-ականների առաջին տարիներին հարաբերությունը սկսել էր կարգավորվել: Սակայն Քրիստինա դե Կիրշների նախագահության ընթացքում՝ 2007-2015 թվականներին, լարվածությունը դարձյալ աճեց նույն կղզիների թեմայով տարաձայնության պատճառով: 2016 թվականին Արգենտինայի նոր նախագահ Մակրին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կեմերոնը պայմանավորվեցին բարելավել հարաբերությունը: Հատկանշական է, որ Գալագերը փոխդեսպան է եղել հենց այդ շրջափուլում՝ 2015-2019 թվականներին: Նա Հայաստան է գալիս հայ-բրիտանական հարաբերությունում արգենտինա-բրիտանական իր փորձը կիրառելո՞ւ: Մեծ Բրիտանիան կողմնորոշվե՞լ է Հայաստանի հարցում, և ի՞նչ ուղղությամբ ու բովանդակությամբ: Ուշադրության է արժանի, որ դա տեղի է ունենում Արցախի դեմ պատերազմից հետո:

Պատերազմ, որտեղ Մեծ Բրիտանիան, կարծես թե, ունեցել է որոշակի դեր: Խոսքը լոկ Ադրբեջանի հետ նավթային հարաբերության մասին չէ: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, որ պաշտոնը թողեց նոյեմբերի 9-ից հետո, պատերազմի ընթացքում հայտարարեց, որ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամ երկրներից մեկը հոկտեմբերի 19-ին ԱԽ արտահերթ նիստում տապալել է այդ հինգ անդամների շարքում գտնվող Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների պատրաստած հայտարարության ընդունումը: Մյուս երկու անդամները Չինաստանն ու Մեծ Բրիտանիան էին: Հայտնի է նաև, որ պատերազմից կարճ ժամանակ առաջ Մեծ Բրիտանիայի հետախուզության՝ Mi6-ի ղեկավար էր նշանակվել Թուրքիայում այդ երկրի նախկին դեսպան Ռիչարդ Մուրը, որը համարվում է Էրդողանի ընկերը, եւ որի նշանակումը մեծ ոգեւորություն էր առաջացրել Բաքվում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular