«Երբ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ գյումրեցի սերժանտը դիրք էր կառավարում, քննադատվեց: Շատերն ասացին, որ հրաման չի եղել, բայց…». Արծրուն Հովհաննիսյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ168.am-ը գրում է.
ՀՀ զինված ուժերի համար ամենակարևորը կադրային ռեսուրսների ճիշտ կառավարումն ու արհեստավարժ կադրերի դաստիարակման հարցն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) տեղի ունեցած «Տեխնո-ուրբաթ» նախագծի հերթակա ն հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով բանակի սպառազինման խնդիրներին, բանակում տեղի ունեցող բարեփոխումներին ու տեխնոլոգիական հակամարտությանը:
«Մենք ուշադրություն ենք դարձնում, որ մեր սերժանտը, սպան եւ այլ բարձրաստիճան զինվորականն ավելի կիրթ լինի, ճիշտ որոշումներ կայացնի: Երբ բավարար ռեսուրսներ չկան, մտածում ենք եղածն արդյունավետ օգտագործելու մասին: Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ գյումրեցի սերժանտը դիրք էր կառավարում, քննադատվեց:
Շատերն ասացին, որ հրաման չի եղել, բայց ուշադրություն չդարձրեցին մի կարեւոր հանգամանքի վրա` տեղի է ունենում գործողություն: Մեկ սերժանտը շատ հմուտ կառավարում էր մարտը: Այդ դիրքի մարտն ավարտվեց առանց կորուստների: Շատ կարևոր է ունենալ ջերմադիտակ սարք, բայց կարող ես այդ սարքից 10 հատ ունենալ, բայց չունենալ մեկին, ով կկարողանա դա ճիշտ կառավարել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ փաստելով, որ հայ զինվորի պատրաստվածությունը բարձր պահելու համար արվում են բոլոր քայլերը:
«Մեր կենտրոնացվածությունը շարունակելու է մնալ կադրերի կառավարման որակի բարձրացման վրա: Այնուամենայնիվ, բանակում տեղի է ունենում ռազմամթերքի թարմացումներ: Այդ գործընթացները չեն սկսվել ապրիլյան պատերազմից հետո: Միշտ է եղել: ՀՀ զինված ուժերը ո՛չ 2014 թվականից, ո՛չ էլ ապրիլյան պատերազմից հետո չի սկսել զենք-զինամթերք ձեռքբերել, կամ թարմացնել տեխնիկան:
Վերջին 10 տարիների ընթացքում ձեռք բերված մեր զենք-զինամթերքի ծավալը շատ ավելի մեծ է, քան 200 մլն դոլարի վարկը: Դա միայն մի փոքր մասն է, որ ձեռք ենք բերել կամ ձեռք ենք բերում: Ամենահամեստ հաշվարկներով` մեզ անհրաժեշտ է 30 միլիարդ դոլար, որպեսզի թարմացնենք Հայաստանի ամբողջ զենք-զինամթերքը: Այդ գումարը,որ ունենանք էլ, չենք կարող զենք-զինամթերք ձեռք բերել, քանի որ ոչ մի տեղ վաճառքում չկա այդ գումարին համարժեք զինամթերք: Զենք-զինամթերքի արտադրության 90 տոկոսը կատարվում է պլանային: Դա ժամանակ է պահանջում: Ադրբեջանի նորագույն զենքերը Ադրբեջան են հասել պատվերից 5 տարի հետո: Զենք-զինամթերքի առևտուրը քաղաքացիական առևտուր չէ»,- նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը:
Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով ներկաների հարցերին, խոսեց նաև զինծառայողների և մինչև բանակ նորակոչիկների պատրաստվածության մակարդակի, ապա արդեն բանակում նրանց պատրաստվածության, սննդի, տեղեկատվական ու տեխնոլոգիական պատրաստվածության, նոր անօդաչու սարքեր ստեղծելու հնարավորությունների մասին:
Եղան նաև բավական հետաքրքիր առաջարկներ՝ անվադողեր դիրքեր տեղափոխելու, ՀՀ համայնքներում հատուկ մարզաբակեր ստեղծելու և անտուն շներին վարժեցնելու մասին, որոնք Արծրուն Հովհաննիսյանը խոստացավ ավելի մանրամասն ուսումնասիրել:
Արմենուհի Մխոյան