ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմից հետո կամ ինչ հետևանքներ կունենա ԼՂ հակամարտությունը. լեհական Dziennik Gazeta Prawna-ի անդրադարձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեհական Dziennik Gazeta Prawna պարբերականն Արցախյան վերջին պատերազմին վերաբերող հոդված է հրապարակել, որում վերլուծել է դրա արդյունքները տարածաշրջանային տերությունների համար: Այս մասին տեղեկանում ենք inosmi.ru կայքից:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար պատերազմը սոսկ տեղական հակամարտություն չէ Անդրկովկասում: Տարածաշրջանային տերությունների, սփյուռքի և միջազգային կազմակերպությունների ներգրավումը կհանգեցնի նրան, որ վերջերս ավարտված բախման հետևանքները կփոխեն ուժերի հավասարակշռությունը Եվրոպայի և Ասիայի սահմանին:

Բացի Ադրբեջանից, տարածաշրջանում ամրապնդվել են նաև Ռուսաստանի դիրքերը:  Նրա հաղթանակի մասին հայտարարությունները մի փոքր չափազանցված են թվում, սակայն փաստն այն է, որ ռուսական զորքերի ներդրումը Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին տարածաշրջանում Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենանշանավոր հաջողություններից մեկն է: Ադրբեջանը համոզված է, որ արտաքին քաղաքական դոկտրինում բազմավեկտոր մոտեցման շնորհիվ իր իրավիճակն այժմ շատ ավելի լավն է թվում, քան ուկրաինականը կամ վրացականը: Այնուամենայիվ Բաքվի հույսերին հակառակ, Ռուսաստանի նեոկայսերական քաղաքականությունը կարող է բերել արդյունքների, որոնք ձեռնտու չեն լինի Ադրբեջանի ղեկավարությանը:

Ռուսաստանը շահել է

Ռուսաստանի ներկայության աճի երկարաժամկետ հետևանքներն այս պահին դժվար է գնահատել: Ակնհայտ է, որ Կրեմլին հաջողվել է մեղմել արևմտամետ և հակառուսական տրամադրությունները Հայաստանում: Այդուհանդերձ, դժվար է ենթադրել, որ Ռուսաստանը ագրեսիվ մեթոդների միջոցով կփորձի իր ուժերը մեծացնել Անդրկովկասում, քանի որ դա կարող է հանգեցնել հակառուսական տրամադրությունների աճի, ինչպես եղավ Ուկրաինայում: Կովկասն այնքան կարևոր տարածաշրջան է Արևմուտքի համար, որ Ռուսաստանը դժվար թե համարձակվի ակտիվորեն օգտագործել ռազմական գործիքները՝ այն իրեն ենթարկեցնելու համար:

Թուրքիան հիասքանչ չէ

Թուրքիայի նվաճումներն, իրենց հերթին, չպետք է գերագնահատել: Ռեջեփ Թայիփ Էրդողան հակամարտության մեջ ունեցած հաջողությունը կփորձի օգտագործել իր համար առաջնահերթ արտաքին քաղաքական հարթակում:  Նա բախվել է հասարակության աջակցության մակարդակի անկման և աճող տնտեսական ճգնաժամի հետ, միևնույն ժամանակ փչացրել է հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ (առաջին հերթին վեճը վերաբերում է թուրքական ժողովրդավարության վիճակին): Կենտրոնական բանկի` իշխանություններին ենթակայեցնելը չի օգնում հանգստացնել ներդրողներին, բացի այդ, ՀՆԱ-ն նվազում է, սղաճը բարձրանում է (դրա իրական մակարդակը կարող է կազմել 50%), իսկ լիրան թուլանում է (դոլարի նկատմամբ նրա փոխարժեքը 10 տարվա ընթացքում ընկել է 78% -ով): Էրդողանը տարածաշրջանում ռազմական ներկայության օգնությամբ փորձում է հարթել բացասական տրամադրությունները և բարձրացնել վարկանիշը: Անդրկովկասում գործունեությունը կարող է նաև ուղղված լինել նրա աջակցության մակարդակի բարձրացմանը՝ ձևավորելով Թուրքիայի իմիջը որպես ուժեղ և ազդեցիկ երկիր՝  հիմնվելով նրա կայսերական անցյալի վրա: 

Հայաստանի հետ սահմանների հնարավոր բացումը կարող է Անկարային ավելի լայն տնտեսական և քաղաքական մուտք տալ դեպի Կովկաս, և արդյունքում հավասարակշռել Ռուսաստանի ազդեցությունը: Այս տարածաշրջանի վրա լրացուցիչ քաղաքական վերահսկողության ձեռքբերումը կազդի նաև Թուրքիայի տնտեսական իրավիճակի վրա: Ներկայումս այն արդեն Վրաստանի հիմնական տնտեսական գործընկերն է և մեծ տեղ է զբաղեցնում Ադրբեջանի գործընկերների ցուցակում: 

Թուրքիան կարող է իրապես մեծացնել իր նշանակությունը Անդրկովկասում մշտական ռազմական բազաներ տեղադրելով: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում գործունեությունն, անկասկած, ապացույց է, որ նա նման ցանկություն ունի: Պատերազմի շնորհիվ Անկարան մասամբ հասել է այն ամենին, ինչին ձգտում էր. կստեղծվի Նախիջևանով անցնող ցամաքային միջանցք, որը Թուրքիայի տարածքը կկապի Ադրբեջանի հետ, իսկ դա Էրդողանի պանթյուրքական երազանքի տարրերից մեկն է: Միևնույն ժամանակ, թուրքական զինուժը կմիանա ռուսական խաղաղապահ ուժերին հրադադարի ռեժիմի դիտարկման կենտրոնում (թե հստակ ինչում է կայանալու նրա դերը, դեռ պարզ չէ): Սա կարող է լինել առաջին քայլը դեպի մշտական ներկայություն:

Իրանը պարտված է

Բացի Հայաստանից, պարտվող կողմը Իրանն էր: Մենք տեսանք զգալի հետընթաց, քանի որ առաջին պատերազմում հենց  նա էր  խաղում բանակցողի դերը, և նախագահ Ալի Ռաֆսանջանիի կողմից կազմակերպված խաղաղության բանակցությունները տեղի էին ունենում Թեհրանում: Երկրորդ պատերազմը ցույց է տվել, որ Իրանը կորցրել է իր նախկին դիրքը, և տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն վարելու նրա կարողությունը դարձել է շատ համեստ: Մի կողմից, նրա ղեկավարությունը չէր ցանկանում Հայաստանի սերտ ինտեգրումը եվրաատլանտյան կառույցներին, իսկ մյուս կողմից` վախենում էր Ռուսաստանի դերի ամրապնդումից, ինչպես նաև Անկարայի` Բաքվի հետ դաշինքից: Թուրքիան, որը Իսրայելի հետ միասին Թեհրանի գլխավոր հակառակորդն է Մերձավոր Արևելքում, կարողացել է լրացուցիչ ազդեցություն ձեռք բերել, այդ թվում՝ հռետորական ոլորտում:

Նախկինում աջակցելով Հայաստանին՝ Իրանը փորձում էր հավասարակշռել թուրքական ազդեցությանը, բայց միևնույն ժամանակ առաջնորդվում էր ներքաղաքական դրդապատճառներով: Ադրբեջանցիներն Իրանի պետության ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են, տնտեսական և մշակութային ազդեցիկ խումբ են: Այաթոլլա Ալի Խամենեին ադրբեջանական արմատներ ունի: Հիմնականում ադրբեջանական սփյուռքը հավատարիմ է մնում Թեհրանին, քանի որ իր ներկայացուցիչների ինքնագիտակցության մեջ առաջին հերթին պատկանելիությունն է շիա կրոնական համայնքին, այլ ոչ թե էթնիկական ազգային խմբին: Ղարաբաղում պանթուրքական գաղափարի հաղթանակը, այնուամենայնիվ, կարող է վերակենդանացնել թյուրքական բնակչության ազգային ինքնության թեման: Դա կխթանի նրան ավելի շատ ասոցացվել Ադրբեջանի հետ, ինչը վտանգ կներկայացնի երկրի գործունեության համար: Թեման դեռ մեծ արձագանք չի գտել, բայց Իրանի ադրբեջանցիները պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմն էին բռնում:

Արևմուտքը պասիվ է

Պատերազմի արդյունքը Անդրկովկասում Արևմուտքի և նրա գաղափարների լիակատար ձախողումն էր:  Պատերազմի արդյունքն անբարենպաստ է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի համար:

Հյուսիսատլանտյան դաշինքը նույնպես պարտվող է, քանի որ դրա անդամներից մեկը մասնակցել է հակամարտությանը: Արձագանքի բացակայությունը վկայում է ՆԱՏՕ-ի կառույցների թուլության, ուժեղ առաջնորդների և հստակ ծրագրի բացակայության մասին: Տուժել է նաև ԵԱՀԿ-ն: Մինսկի խումբը, որը աշխատում էր նրա հովանու ներքո, պարզվեց, որ դատարկություն է. բանակցություններն, ի վերջո, անցկացվում էին միջպետական մակարդակում: Եթե հիշենք կազմակերպության գործունեությունը Վրաստանի վերջին ընտրությունների ժամանակ, ապա կարող ենք ասել, որ այն, ըստ երևույթին, անցնում է խոր ճգնաժամի միջով և, անկասկած, լքում է Անդրկովկասը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular