ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-ադրբեջանական դիսոնանս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս ԱՊՀ պետությունների Վեհաժողովում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության մասին կարելի է խոսել անցյալով: Ընդ որում՝ նա այդ առնչությամբ հղում է արել նաև ՌԴ նախագահ Պուտինի ավելի վաղ արած համանման արտահայտություններին, հիշատակելով նաև Պուտինի այն խոսքը, թե միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է: Պուտինի այդ դիրքորոշումը, իհարկե, քիչ կապ ունի իրական քաղաքական վիճակի հետ, դա անկասկած է: Պուտինը Ադրբեջանի ականջն է շոյում, որպեսզի Ադրբեջանի բերանից դուրս չգա ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված դժգոհություն: Բանն այն է, որ իրավիճակը բավականին հեղհեղուկ է, և Պուտինն այդ առումով փորձում է խաղալ այսպես ասած՝ Բաքվին սիրաշահելու ռեժիմում: Փաստացի, մյուս կողմից, սակայն, ԱՊՀ պետությունների Վեհաժողովի իր ելույթում Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը հղի է ռեգիոնում միջազգային ահաբեկության ակտիվացման վտանգով: Այլ կերպ ասած, դա էլ Պուտինի մտրակն է Բաքվի հասցեին, երբ ամեն պահի հնարավոր է հակաահաբեկչական գործողության հիմքով իրականացնել համապատասխան քայլեր, որոնք դուր չեն գա Բաքվին:

Ակնհայտ է, որ, ահաբեկչության դեմ պայքարը ևս միջազգային իրավունք է, ընդ որում՝ ոչ պակաս, քան Արցախի հանդեպ Ադրբեջանի «իրավունք» կոչվածը: Պուտինն, իհարկե, փորձում է խաղալ բազմավեկտոր, այլ կերպ հնարավոր չէ: Այստեղ էական է, թե ինչպես պետք է խաղա Հայաստանը, որը մի կողմից պետք է արդիական պահի և շեշտադրի Արցախի կարգավիճակի, ԼՂԻՄ օկուպացված շրջանների հարցը, այսինքն՝ մերժի հակամարտության, այսպես ասած, կարգավորված լինելու մասին օրակարգը, մյուս կողմից, իր կենսական շահերը պաշտպանի հայ-ադրբեջանական սահմանագծում կոչված նոր գործընթացում: Այդ հարցում Հայաստանը պետք է ինտենսիվ աշխատանք տանի Ռուսաստանի հետ, այստեղ, թերևս, չկա այլընտրանք, միևնույն ժամանակ կարգավիճակի և ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի հարցում Հայաստանը պետք է աշխատանք տանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ, որոնք դնում են այդ հարցերը, հասկանալի է՝ սեփական շահից ելնելով և խաղից դուրս չմնալու համար:

Այդ իմաստով ձևավորված է երկու միջավայր՝ ԱՄՆ-Ֆրանսիա և, միաժամանակ, Մոսկվա-Անկարա-Բաքու, որոնք շահագրգռված չեն Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի վերականգնումով: Իհարկե, Ռուսաստանի պարագան այստեղ հարաբերական է, քանի որ մի կողմից չդավանելով ամերիկա-ֆրանսիական օրակարգը կամ առաջնահերթությունը, Մոսկվան, այդուհանդերձ, դեմ չի լինի հայտնվել մեջտեղում, ոչ թե Անկարա-Բաքու ճամբարում: Այդպիսով, Երևանի համար դառնում է խնդիր Մոսկվային այս փուլում առնվազն «մեջտեղ» բերելը, այն դեպքում, երբ Անկարան ու Բաքուն ամեն կերպ ձգտելու են պահել իրենց «խրամատում»:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular