Ամուլսարի շահագործումը հղի է բազմաթիվ վտանգներով. Նազենի Վարդանյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲնապահպան-իրավաբան Նազենի Վարդանյանը շարունակում է պնդել, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունները տրվել են ոչ միայն ՀՀ և,հատկապես, բնապահպանական օրենքների խախտումներով, այլև՝ ՀՀ-ի կողմից վավերացված բնապահպանական միջազգային բոլոր կոնվենցիաների խախտումներով: Եվ եթե շարունակվի հանքի շահագործումը՝ Հայաստանը պատասխանատվության կենթարկվի միջազգային կոնվենցիաների խախտումների համար:
Բնապահպանի կարծիքով՝ պատերազմից հետո թեև երկիրը տնտեսապես գտնվում է ծանր իրավիճակում, սակայն պատերազմը ևս մեկ ապացույց էր, որ երկրի բնական պաշարները նման անարդյունավետ կերպով շահագործելը ազգային անվտանգության խնդիր կարող է առաջացնել:
«Նոր հանքերի բացման մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել, քանի որ հանքերի հարակից տարածքները ևս հետագայում դառնում են օգտագործման համար ոչ պիտանի տարածքներ: Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա հարկավոր է օր առաջ կասեցնել այդ ծրագիրը, քանի որ այդ դեպքում Վայոց Ձորի ողջ մարզը կկորցնի իր ֆունկցիոնալությունը տնտեսության մեջ: Հարց է նաև, որ եթե հանքի շահագործման թույլտվությունը տրվել է 10 տարի ժամկետով, ապա ինչու մինչև այսօր այն չի շահագործվել և փակվել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է պարզաբանվեն»,- 1or.am-ի հետ զրուցում ասաց Ն. Վարդանյանը:
Բնապահպանի տեղեկացմամբ Ամուլսարի ոսկու պաշարները Սոթքի համեմատ մոտ 9-ից 10- անգամ ավելի պակաս են, ուստի զուտ տնտեսապես հանքի շահագործումը շահավետ չէ: Ուստի հարց է ծագում, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար այդքան կարևոր Ամուլսարի հանքի շահագործումը:
«Եթե ներկայիս էկոնոմիկայի նախարարը խոսում է հանքի շահագործման մասին, ապա հարց է ծագում, թե արդյո՞ք նա հաշվարկներ կատարել է և տիրապետում է իրավիճակին: Հանքի շինարարական փուլում 2016 թ-ին բացվել է 200 աշխատատեղ, որը բնական է՝ շինարարական աշխատանքերի ավարտից հետո փակվելու է: Այդ ընթացքում մենք կորցրել ենք 200 աշխատատեղ, ովքեր աշխատում էին առողջարաններում: Ինչ վերաբերում է հանքի շահագործման փուլին, ապա ավելի քիչ աշխատողներ են պետք լինելու, այսինքն՝ իրենց կողմից խոստացած 1200 աշխատատեղի մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ, Գնդևազում 279 հողակտոր է վերցվել գյուղացիներից: Եվ եթե այդ թիվը բազմապատկենք 3-4-ով, ապա կստացվի, որ մոտ 1200 բնակիչ զրկվել է իր ապրուստի միջոցից: Եվ ներկայիս տնտեսական ճգնաժամը խոսում է այն մասին, որ պետք է նաև նման հարցերին ուշադրություն դարձնել, քանի որ տեղական արտադրողները ոչ միայն իրենց սնունդն են ապահովում, այլև բնակչության պահանջները: Այնպես որ հարկավոր է հաշվի առնել նաև պարենային անվտանգության հարցը, որը հատկապես պատերազմից հետո շատ արդիական խնդիր է»,- ասաց Ն. Վարդանյանը:
Արմինե Գրիգորյան