ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արժեզրկումից՝ բանկային կոլափս

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր փաստ է այն, որ Հայաստանը մտել է խորը տնտեսական ճգնաժամի փուլ, և այն արդեն փոխանցվել է ֆինանսական շուկային։ Վերջին օրերի ընթացքում ականատես եղանք դրամի արժեզրկման և սննդամթերքի որոշ տեսակների բարձր գնաճի։ Այս մասին հանգամանորեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։ Ըստ էության. բանկային համակարգը նույնպես դժվարին վիճակում է հայտնվել։ Տնտեսական ճգնաժամը բազում գործոններով իր ազդեցությունն է թողել այստեղ։ Ներկայացնենք դրանիցից մեկը՝ կապված ավանդների ներգրավման հետ։ Տեղի է ունենում երկու բացասական գործընթաց՝ դրամով ավանդները վերածվում են դոլարայինի և բնակչության կողմից բանկերում ներդրվող ավանդները ամսեամիս նվազում են։ Առաջինի դեպքում խորանում է դոլարիզացիան՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, երկրորդի դեպքում՝ բանկերը ավելի քիչ գումարներ են ստանում իրենց գործունեության իրականացման համար։ Հարց՝ իսկ ի՞նչ է անում կառավարությունը և Կենտրոնական բանկը։

Ինչպես բոլոր ոլորտներում, կառավարությունն այստեղ ևս ոչինչ չի անում՝ ամեն ինչ վերագրելով Կենտրոնական բանկին։ ԿԲ-ն էլ որոշել է բարձրացնել երաշխավորված ավանդների չափը։ Այդ որոշումը ՀՀ նախագահը ստորագրել է սեպտեմբերի 28-ին, որով բարձրացվել են երաշխավորված ավանդի սահմանաչափերը․ 1․դրամային ավանդի դեպքում երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ, 2․ արտարժութային ավանդի դեպքում երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ։ Ինչպես նաև, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև տասնվեց միլիոն հայկական դրամով։ Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Այս որոշման մեջ նշված է, որ նշված սահմանաչափերը ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում են նաև ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա: Այստեղ տեղին է հիշեցնել, որ մինչ այս որոշումը երաշխավորված ավանդների չափերը 10 մլն դրամ էր դրամային ավանդների դեպքում և 5 մլն դրամ՝ արտարժույթով ավանդի դեպքում։ Ինչպես տեսնում ենք, նոր որոշմամբ խրախուսվում է ընդհանրապես ավանդներ բանկերում ներդնելը և մասնավորապես՝ դրամով ավանդները։ Սակայն արդյո՞ք դա բավարար է, որպեսզի ավանդները «չփախնեն» բանկերից՝ չխոսելով արդեն ավելանալու մասին։ Միանշանակ՝ ոչ։

Դրամի արժեզրկման ներկա վիճակը, տնտեսական անկումը, անվստահությունը տնտեսության հեռանկարի նկատմամբ հակառակ արդյունքն են տալիս։ Ասվածի փաստացի ապացույցը երևում է Կենտրանական բանկի հրապարակած տվյալներից։ Դեռ սեպտեմբերին բնակչությունից ներգրավված ավանդները սկսեցին նվազել։ Մասնավորապես, սեպտեմբերի վերջին նախորդ ամսվա նկատմամբ դրանք նվազել են 7 մլրդ 489 մլն դրամով կամ 0,4 տոկոսով։ Հոկտեմբերին նվազման գործընթացը խորացել է։ Հոկտեմբերի վերջին բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը նախորդ ամսվա նկատմամբ նվազել է արդեն 69 մլրդ 900 մլն դրամով կամ 4,1 տոկոսով։ Ակնհայտ է, որ այս գործընթացը շարունակվելու է՝ հաշվի առնելով նաև պատերազմի բացասական ազդեցությունը տնտեսության վրա, և դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը դժվար թե էական փոփոխություն մտցնեն։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular