ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանին կարող են դրդել Ադրբեջանի հետ պատերազմի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

topcor.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում հայերի ռազմական պարտությունից հետո Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն այլևս չեն կարող մնալ նույնը: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է այնպես ինչպես և սպասվում էր՝ միայն թե արագացված տեմպերով: Հիմա հարցը միայն այն է, թե երբ ադրբեջանական զինուժը կսկսի կրակել ռուսների ուղղությամբ: Վերջերս ադրբեջանական հատուկ ջոկատայինները փորձել են վերահսկողություն հաստատել մի քանի հայկական գյուղերի վրա, որոնք հրադադարից հետո մնացել էին նրանց թիկունքում: Քանի որ, ըստ հրադադարի համաձայնագրի, ենթադրաբար Բաքուն դա չպետք է աներ, ռուս խաղաղապահները միջամտել են և դադարեցրել բախումը: Ի պատասխան դրան Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակ Ադիլ Ալիևը սոցցանցի իր էջում տարածել է մի շարք հայտարարություններ «նախնիների բնիկ ադրբեջանական հողերը այլ անվանումներով ներկայացնելու», հասարակության կողմից «Ռուսաստանի խաղաղապահների երկիմաստ ընկալման», ինչպես նաև այն մասին, որ Ադրբեջանը ներկայումս հանդիսանում է «աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկը» արտահայտություններով: Չնայած իր ազգանվանը այս Ալիևը նախագահի ազգականը չէ, բայց նրա եղբայրը՝ գեներալ-գնդապետ Մահարամ Ալիևը, զբաղեցնում է Ադրբեջանի նախագահի օգնականի և նախագահի աշխատակազմի ռազմական գործերի վարչության պետի պաշտոնները: Ընդհանուր առմամբ, Ադիլ Ալիևը, մեղմ ասած, ամենավերջին մարդը չէ հանրապետությունում: Արդյո՞ք սա տաքգլուխ արևելքցու մասնավոր կարծիքն է, թե՞ նրան օգտագործում են որպես ոչ պաշտոնական խոսափող Կրեմլին ակնարկ հաղորդելու համար:

Ընդհանրապես, պատճառների մասին, թե ինչու Ղարաբաղում ամեն ինչ ավարտված չէ շատ է գրվել և խոսվել: Բաքուն վաղ թե ուշ կփորձի վերցնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը, սակայն դրանով, եթե հետևենք նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների տրամաբանությանը, նրա բացված ախորժակը չի սահմանափակվի: Ըստ նրա՝ Զանգեզուրը (Հայաստանի Սյունիքի մարզը), Գյոկչան (Սևանը) և Իրևանը (մայրաքաղաք Երևանը) իրենց պատմական հողերն են: Դժվար չէ նկատել, որ ադրբեջանցիները նման համարձակություն են ձեռք բերել այն բանից հետո, երբ բացահայտ աջակցություն են ստացել Թուրքիայից, իսկ Ռուսաստանը ինքնահեռացել է ռազմական բախմանը մասնակցությունից: Դա անելու բազմաթիվ պատճառներ են եղել, բայց դա բացասական հետևանքներ է բերել: Անկարան և Բաքուն իրենց համապատասխան եզրակացություններն արել են Սու-24 ռմբակոծիչի և Մի-24 ուղղաթիռի հետ կապված ողբերգական դեպքերից հետո, երբ պարզվել է, որ Կրեմլի համար առաջնային են խաղաղությունը, բարեկամությունը և «Ակկույու» ատոմակայանի ու «Թուրքական հոսք»-ի հետ կապված համագործակցությունը: Բայց խաղաղություն չի լինի, քանի որ Անկարային առատաձեռն նվերներով կաշառելու փորձերը նրա կողմից մեկնաբանվում է որպես թուլություն: Այդ մասին հույն հարևաններն ունեն հետևյալ խոսուն միտքը. «Եթե թուրքը խոսում է խաղաղության մասին, ապա պատերազմ կլինի»:

Փաստացի, մի քիչ շուտ կամ մի քիչ ուշ, բայց ադրբեջանական զինուժը, թուրքի աջակցությամբ, կփորձի կրկնել կայծակնային պատերազմը Ղարաբաղի տարածքի մնացորդների համար, կամ նույնիսկ ավելի հեռուն գնալ: Հիմնական հարցն այն է, թե ինչ պետք է անեն այս դեպքում ռուս զինվորականները: Հիշեցնենք, որ Ղարաբաղում տեղակայված է խաղաղապահների մի ամբողջ բրիգադ, բայց առանց ծանր սպառազինության: Եթե հարձակվողները փորձեն շարժվել դեպի Հայաստան, ապա պետք է օգնել որպես ՀԱՊԿ դաշնակցի, բայց եթե ռազմական գործողությունները տեղի ունենան չճանաչված հանրապետության մնացորդ տարածքում ենթադրվում է, որ խաղաղապահները դա պետք է կանխեն, սակայն նրանց իրական կարողությունները խիստ սահմանափակ են: Եվ չմոռացեք, որ Կրեմլը իրականում չի ցանկանում կռվել Ադրբեջանի հետ և փչացնել հարաբերությունները: Ռուս զինվորականները ծայրաստիճան երկիմաստ վիճակում են: Այստեղ հիմնական հարցն այն է, թե հարձակումը կսկսվի նախքան ռուս խաղաղապահների դուրսբերումը, թե դրանից հետո: Հիշեցնենք, որ նրանք տեղակայվել են 5 տարի ժամկետով, բայց ոչինչ չի խանգարի Բաքվին բարձրացնել նրանց շուտ դուրս գալու հարցը, ինչի մասին և ակնարկել է Ադիլ Ալիևը:

Եթե Ռուսաստանի ղեկավարությունն իսկապես պատրաստ չէ ադրբեջանցիների դեմ կռվելու, ապա գուցե արժե՞ սկսել աստիճանաբար կրճատել ռազմական կազմը միանգամայն արդարացիորեն պատճառաբանելով դա նման առաքելություն իրականացնելու մեծ ծախսերով: Այդ դեպքում անհրաժեշտ կլինի մեկ անգամ ևս Երևանին Լեռնային Ղարաբաղում մեն-մենակ թողնել Բաքվի հետ և օգնել Հայաստանին ուժեղացնել միայն իր սահմանը: Բացի դա թուրքերը կարող են օգտագործել Իդլիբում փորձարկված իրենց «վստահված անձանց» միջոցով ռուսների դեմ գործողությունների արդեն փորձված մեթոդը: Ղարաբաղ բերված սիրիացի գրոհայինները շարունակական հարձակումներ գործելով ռուս խաղաղապահների համար կկազմակերպեն երկրորդ «Խմեյմիմ»: Միևնույն ժամանակ, Անկարան ինքը կմնա Մոսկվայի համար «բարեկամ և գործընկեր»: Ինչպե՞ս կարելի է կասեցնել դա: Միայն հրթիռային և ավիացիոն ծանր պատասխան հարվածներով: Բայց պետք է հիշել, որ հարձակումները տեղի են ունենալու Ադրբեջանի տարածքից, և դա Սիրիա չէ, որտեղ ռուսները գտնվում և գործում են պաշտոնական իշխանությունների համաձայնությամբ: Բաքուն կկարողանա մեղադրել Մոսկվային ագրեսիայի մեջ:

Եվ այստեղ արժե հիշել Ադիլ Ալիևի թվացյալ հիմար հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկն է: Չմոռանանք, որ Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Եթե Բաքուն փորձի օգտագործել ՆԱՏՕ-ի ռազմական հզորությունը, դա բոլորովին այլ դասավորվածություն կլինի: Իրոք, եթե Ռուսաստանին սադրեն և ստիպեն հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքին, նախագահ Ալիևը կարող է ՆԱՏՕ-ից օգնություն խնդրել, և դրանում նրան կօգնի նրա ավագ եղբայրը՝ նախագահ Էրդողանը: Իսկ ՆԱՏՕ-ի առկայությունը Կասպից ծովում և Հարավային Կովկասում ոչ մի կերպ լավ չէ Ռուսաստանի համար: Բացի դա, եթե «սուլթանը» մտադիր է շարունակել պանթուրքիստական նախագիծը, Ադրբեջանը արագորեն Թուրքիայի կողմից ինտեգրվելու է Մեծ Թուրանի բանակի մեջ: Եվ այսպես, և այսպես, ամեն ինչ վատ է ստացվում Ռուսաստանի համար: Եվ ինչպես ամեն ինչ սկսվեց...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular