ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաձայնագիրը Արցախի մասո՞վ էր, թե՞ ՀՀ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ունենք մի իրողություն, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը «հորով-մորով» անելուց հետո անցել է Սյունիքի և ՀՀ սահմանների հարցերը լուծելուն: Պարզվում է, որ ուզում է վերականգնել «պատմական արդարությունը», որը խախտվել էր 26 տարի առաջ: Փաստացի, այսօր Սյունիքի սահմանները, որոնք հիմնականում անմիջական հարակից են ադրբեջանական կողմին, մնացել են անպաշտպան. չկա բանակ, որ պաշտպանի մարզի սահմանները և ապահովի գյուղացիների, խաղաղ բնակչության անվտանգությունը: Անվտանգության խնդիրներն իրենց ուժերի չափով լուծում են բնակիչները, որոնց ձեռքից զենքերը հավաքել են: Համայնքապետերն են լծված ինքնապաշտպանության կազմակերպչական աշխատանքներին: Սյունեցին մնացել է դեմ-դիմաց, մեն-մենակ թշնամու զինված հրոսակախմբերի առաջ: Այս ամենը խոսում է նրա մասին, որ մենք այսօր ո՛չ պետություն ունենք, ո՛չ էլ ղեկավարություն: Իսկ ադրբեջանական կողմից ամեն օր տեսանյութեր են հրապարակվում, թե ինչպես են օրական մի քանի տասնյակ հայ մարդու գերի վերցնում: Օրերս անգամ տարեց մարդկանց էին գերեվարել:

Ի դեպ՝ իշխանականները մեկը մյուսին հակասող հայտարարություններ են անում. Վաղարշակ Հարությունյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից ոչ մի զիջում չի լինելու: Տիգրան Ավինյանն էլ կառավարության նիստում հայտնում է, որ ՊՆ սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ: Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը լրագրողներին ասում է. «Նոր միջավայրը մեզ համար բավականին խնդիրներ է ստեղծել, բայց պետք է հասկանանք, որ սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա, եւ դրանից ելնելով է կատարվում սահմանագծումը»: Փաստորեն, արցախյան պատերազմում Փաշինյանի ստորագրած հայտարարությունը վերաբերում էր ոչ միայն Արցախին, այլև` ՀՀ-ին:

Պարզվում է, որ մինչ այդ մեր սահմանները «սխալ էին», և Փաշինյանը շտկում է «սխալները»: Իսկ այդ մասին ավելի համարձակ գրառում կատարեց Փաշինյանի մտերիմ, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. «Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է՝ գնացեք: Ասում են՝ հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: Է՞ս է ձեր մակարդակը: Ես որ գամ ձեր տանը իմ գրասեղանը դնեմ, ու եթե ասեք՝ գնա, պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լա՞վ կլինի»:

Ըստ էության, ստացվում է, որ ժամանակին մեծ մեղք են գործել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, հետո` Ռոբերտ Քոչարյանը, ովքեր մտել են «այլ պետության տարածք», այնտեղ տներ կառուցել ու հանքեր շահագործել: Էլի նախկիններն են մեղավոր, իսկ Փաշինյանը շտկում է նախորդների պատմական սխալներն ու «ճշտում» Հայաստանի սահմանները: Եթե Փաշինյանը մտել է այս տիրույթ, և վերականգնվում են պատմական սահմանները, ապա պարտավոր է հայացքն ուղղել հակառակ ուղղությամբ ևս և դեմարկացիա անցկացնել նաև Արեւմտյան Հայաստանի, Արցախում` Գետաշենի, Շահումյանի սահմաններում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular