ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սգի երթից»՝ տոնակատարություն, Նիկո՛լ, չգնաս Եռաբլուր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս տեղի ունեցած սգո երթը դեպի Եռաբլուր, հավանաբար, գտնված վավերագրություն կլիներ Փելեշյանի տեսախցիկի համար: Մեզ համար այդ վավերագրությունը կորած իրականություն էր կամ այն իրականության հետևանքը, որը մենք կորցրինք: Ըստ էության, երկրի վարչապետը՝ պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը, որ կապիտուլյացիա է ստորագրել, այցելում է այդ պատերազմում զոհված զինվորների պանթեոն: Նրան ոստիկանները չեն ուղեկցում ձեռնաշղթա անցկացրած, որ բերում են ներողություն խնդրելու` որպես դատապարտյալի վերջին ցանկություն: Գնում է որպես երկրի վարչապետ` կառավարական շքախմբով և ծափողջույններով իր անունը վանկարկող բազմությամբ: Եթե չիմանայինք այցելության նպատակն ու վայրը, ենթադրելու էինք, որ տոնական շքերթի է դուրս եկել ցնծության աղաղակների տակ՝ որպես հերոս ու հաղթող: Համենայն դեպս, եթե ոչ իրեն ուղեկցողները, գոնե, ինքն այդպես էր համոզված, որովհետև չէր ամաչում: Բայց այդ կարգավիճակով էլ` որպես ազատ մարդ, գալիս էր ոստիկանների ուղեկցությամբ, և դժվար էր որոշել` անվտանգությունն ապահովող ոստիկաննե՞րն էին շատ, թե՞ ուղեկցող քաղաքացիները:

Գերագույն հրամանատարին դիմավորողներ էլ կային, նրանք չէին ծափահարում, փոխարենը ցասումով էին լցված, չէին բղավում` «Նիկոլ, վարչապետ», գոռում էին` «Նիկոլ, դավաճան»: Այդ մարդիկ մեր զոհված զինվորների ծնողներն էին և հարազատները: Նրանք պատնեշ էին դարձել, որպեսզի արգելեն կապիտուլյացիա ստորագրած հրամանատարի մուտքը զոհվածների պանթեոն, որովհետև համարում էին սրբապղծություն շիրիմների նկատմամբ: Կարծում էին, որ պատերազմը տանուլ տված հրամանատարը, որի ապաշնորհության մեղքով էին իրենց զավակների մարմինները ննջում Եռաբլուրում, իրավունք չուներ մտնել այդ սրբավայր: Նիկոլը մտավ Եռաբլուր և, ըստ էության, ոչ թե հաղթած ու հերոս, այլ սեփական երկրում քաղաքացիների ցասումից պաշտպանվող պարտված ու հակահերոս: Իսկ հարգանքի տուրքն այն էր, որ մեծաքանակ ոստիկանները հրմշտելով, երբեմն էլ գետնելով՝ հեռացնում էին հերոսների մայրերին ու մյուս հարազատներին, որ փորձում էին հակահերոսին հեռացնել: Այդ շատ տխուր տեսարանից հետո, որ ամոթ էր ու խարան, միայն տհաճություն կարելի էր զգալ` տեսնելով Նիկոլի ծնկի գալը շիրիմների առաջ: Անիծող մայրեր և նրանց զավակների շիրիմների առաջ ծնկի եկած անիծվող:

Այս հակադիր պատկերներն էին, որ Փելեշյանի տեսախցիկը նրբորեն կհամադրեր` գտնելով այն, ինչը կորցրել է Փաշինյանը ոչ թե իր ժամանակից, այլ մեր կյանքից: Փաստացի, մարդիկ սիրտ չունեն, և այլևս տհաճ է փողոց փակելն ու գոռգոռալը, կուշտ են էյֆորիայից, բայց դա չի նշանակում, որ քո մնալուն կողմ են: Սրտիդ սփոփանք` ասեմ, որ քեզ կողմ էլ ունես, դրանք, որպես կանոն, տարածքի անբաններն են, որ աղաղակում են` «Քոչարյանը մեզ թալանեց», «Սերժը մեզ թալանեց»: Նրանք են, որ իրենց կյանքում մի քոռ կոպեկ չեն աշխատել: Թող աղաղակեն սրտիդ ուզածի չափ, բայց դու մի՛ գնա Եռաբլուր, որտեղ քեզ անիծում են, մի՛ դուրս արի փողոց, որտեղ քեզ հայհոյում են, մի՛ հղիր տեսաուղերձներ, որոնք ցուցադրելիս մարդիկ հեռուստացույցի ալիքը փոխում են:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular