ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե չբարձրացվի հասարակության քաղաքագիտական մակարդակը, երկիրը մշտապես գտնվելու է նույն տեղապտույտի մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի կարծիքով՝ հրադադարի հաստատումից 40 օր անց դեռևս բավականին խնդիրներ կան լուծելու: Ինչ վերաբերում է պատերազմի պատճառների և հետևանքների վերլուծությանը, ապա դրա համար դեռ բավական ժամանակ կպահանջվի: Խոսելով ներքաղաքական ներկա իրավիճակի մասին, քաղաքագետի կարծիքով, քանի որ նախորդ տարիների ընթացքում մեր երկրում չի ձևավորվել քաղաքական բանավեճի ինստիտուտ, ուստի այսօր ամեն ինչ ընթանում է փողոցային մեթոդներ կիրառելով՝ ոչ թե սուր հարցադրումներ ու բանավեճեր իրականացնելու միջոցով:

 «Չկա գաղափարական պայքար: Եվ, եթե մի փոքր հետ նայենք, կտեսնենք, որ բոլոր ընտրությունների ժամանակ էլ եղել է անձերի և խմբերի պայքար, որը չի վերաճել գաղափարների ու գաղափարախոսությունների պայքարի՝ ինչը լավ չէ: Զարգացած երկրներում ոչ թե անձինք են միմյանց դեմ պայքարում, այլ գաղափարները և ծրագրերը: Մինչդեռ, մեզ մոտ մշտապես մրցել են նյութական ռեսուրսները, անձնային հատկանիշները, իսկ քաղաքականությունը կենտրոնացած է եղել անձերի շուրջ: Սրանում է նաև խնդիրը, որ նույնիսկ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելով՝ մեզ չհաջողվեց կայացնել կուսակցական համակարգը: Խորհրդարանական համակարգը առանց կայուն կուսակցական համակարգի չի կարող արդյունավետ լինել: Սա քաղաքագիտական օրինաչափություն է և կան բազմաթիվ պետություններ, որոնց օրինակով կարելի է ցույց տալ այդ ամենը: Այսինքն՝ նախ պետք էր զարգացնել կուսակցական համակարգը: Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք ներկայում նպատակի շուրջ են համախմբվել կուսակցությունները, իսկ նրանց ծրագրերը գաղափարախոսության առումով նույնիսկ հակասություններ ունեն»,- ասաց Է. Օրդուխանյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ գաղափարախոսությունների պահանջը նաև ժողովրդի մոտ չի ձևավորվել, որովհետև հասարակությունը սպառել է այն գաղափարախոսությունը, որը նրան մատուցվել է: Եվ, եթե խնդիրները քաղաքագիտական տեսանկյունից չվերլուծվեն, չբարձրացվի հասարակության քաղաքագիտական մակարդակը, երկիրը մշտապես գտնվելու է նույն տեղապտույտի մեջ, իսկ հասարակությունը շարունակելու է մեղավորների ու անմեղների, յուրայինների և ոչ յուրայինների բաժանվել:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular