ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի էժան տրյուկները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դաժան իրականություն է այն փաստը, որ մենք մտել ենք դժոխքի դարպասներից ներս և ամեն քայլափոխի ականատես ենք լինում նոր սարսափազդու տեսարանների: Այդպես ամեն օր ու շարունակ. ես չեմ չափազանցում: Մենք միայն գրքերում էինք կարդացել այն, որ հիմա տեսնում ենք` հայերի անցած դժոխքի ճանապարհ: Սպանդ, գերություն, բնակավայրերի հանձնում թշնամուն, տեղահանություն, այրվող տներ։ Փաստ է այն, ոչ ադրբեջանցին Որոտանում մեկ ժամ ժամանակ է տվել տանտերերին՝ տունը լքելու համար: Պարզվում է, որ տունն այլևս Ադրբեջանի տարածքում է: Թեկուզ ռուս խաղաղապահը լուծի խնդիրը, և սահմանագիծը շրջանցի Որոտանի տունը, հայն ինչպե՞ս է ապրելու թուրքի պռունկին: Սա դժոխք չէ, սա Հայաստանն է, որի վարչապետը Նիկոլն է:

Համաձայնեք՝ եթե ամիսներ առաջ ասեին, որ Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու, անգամ վայրկյան կորցնելու ըմբոստանալու էինք, թե Արցախը հայկական հսկողությունից դուրս է գալու, որ նշանակում է` մերը չէ: Իսկ հիմա շնորհակալություն ենք հայտնում և օրհնում ենք ռուս խաղաղապահներին՝ Արցախում նրանց ներկայության համար: Եթե շաբաթներ առաջ ասեին, որ ռուսական ռազմաբազա պետք է դրվի Սյունիքում՝ մեզ Ադրբեջանից պաշտպանելու համար, ասելու էինք, որ մեր դիրքերն ամուր են, և մենք մեր սահմանները պաշտպանում ենք: Իսկ հիմա օր առաջ ենք տեսնում ռազմաբազայի անհրաժեշտությունը և այդ առիթով պետք է խնդրագիր ներկայացնենք ռուսներին: Հիմա էլ ռուս խաղաղապահն ու սահմանապահն են հսկում որոշ հատվածներ, քանի որ մենք մեր դիրքապահներին զինաթափել եւ իջեցրել ենք դիրքերից: Այդ հարցաշարն է Նիկոլը դրել մեր առջև, որ լրացնում ենք հօգուտ Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի, որպեսզի վերջնականապես չկործանվեք:

Իրականությունից կտրված իմքայլականները առևտրային և դիվանագիտական հարաբերությունների փաթեթ են մշակում Ադրբեջանի հետ: Վատ բան չէ առևտուրը, հատկապես, որ մեր լոլիկը, ինչպես իրենք են ասում, վաճառվելու է ադրբեջանական շուկայում: Դրա համար պետք է բացվեն սահմանները, իսկ Մեղրիով անցնելու է թուրք-ադրբեջանական ճանապարհը: Տարածաշրջանով նոր երկաթուղի է անցնելու, որին կարող է միանալ նաև Հայաստանը: Եվ մեկ օրում ադրբեջանական ու թուրքական կապիտալը մտնելու է Հայաստան ոչ թե մեր օգուտի համար, այլ մեզ իրենցով անելու համար: Իսկ դիվանագիտական հարաբերություններ` նշանակում է մոռանալ Ադրբեջանի հետ ունեցած բոլոր խնդիրները, ինչպեսև՝ Թուրքիայի հետ, որն է՝ պահանջատիրություն: Իսկ այս ամենը նշանակում է տապանաքար Հայաստանի վրա, գոնե այժմ մեր ինքնիշխանության և ապագայում պետություն լինելու վրա: Սա է Նիկոլի ճանապարհային քարտեզը, թաքուն քարտեզը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular