ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պարտությունից պետք է դասեր քաղենք և մեր հույսը մեզ վրա դնենք. Արամ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով հետպատերազմյան Հայաստանում շարունակվում է ներքաղաքական լարվածությունը պահպանվել, ինչը՝ բնական է, քանի որ իշխանությունների հանդեպ վստահության քվեն հարցականի տակ է: Դրա լուծումը, ըստ Սարգսյանի, պետք է իրականացնել միայն ու միայն սահմանադրական ճանապարհով, և չպետք է թույլ տալ, որ փողոցով իշխանության գալու մշակույթը մեզանում արմատավորվի:

«Ներքաղաքական գործընթացները ցույց տվեցին, որ մեր հանրությունը այս փուլում մերժում է հեղափոխական ճանապարհով քաղաքական խնդրի լուծման եղանակը: Եվ այստեղ խնդիրը ոչ թե 17 կուսակցությունների որակական հատկանիշներն են, այլև՝ զինադադարը, որը իր մեջ վտանգներ է պարունակում: Իմ կարծիքով ո՛չ 17 կուսակցությունների հանրահավաքներին մասնակցողները, ո՛չ պասիվ կուսակցությունները, որոնք չեն միանում հանրահավաքներին, ո՛չ էլ իշխանության մեջ գտնվող անձինք «ժեխ» չեն: Բոլորը հայ մարդիկ են և բոլորը նույն՝ անվտանգության գերխնդիրն ունեն: Եվ այդ խնդիրը մենք կկարողանանք լուծել, եթե կարողանանք այսօրվա իրավաճակը ճիշտ գնահատել»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:

Քաղաքական գործչի կարծիքով` իշխանությունները պետք է ամրագրեն արտահերթ ընտրությունների ժամկետները, որպեսզի քաղաքական կյանքում որոշակիություն լինի: Բացի այդ, ըստ նրա, կարևոր է ամեն ինչ անել, որ հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած զինվորները իրենց տեղը գտնեն կյանքում և անմիջական մասնակցություն ունենան հայրենիքի շենացման հարցերում: Խոսելով ստորագրված փաստաթղթի մասին` Ա. Սարգսյանը նշեց, որ այն զինադադարի փաստաթուղթ է, ինչը նշանակում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել և այսօր շարունակվում է հոգեբանական պատերազմի ձևով:

«Հոգեբանական պատերազմը տանում է նրան, որ մենք օր-օրի ավելի թուլանանք: Ուստի կարևոր է, որ ադրբեջանական պրոպագանդան մեզ մոտ չտարածվի, քանի որ Ադրբեջանը մշտապես օգտվել է այդ գործիքից: Բոլորն էլ հասկանում են, որ այս փաստաթուղթը ստորագրվել է ուժի դիրքերից և ուժի կիրառմամբ: Եվ ես համոզված եմ, որ աշխարհը այդ փաստաթուղթը վերանայելու է: Մենք այս պարտությունից պետք է դասեր քաղենք, առաջ շարժվենք, ուժեղացնենք մեր սահմանները և մեր հույսը մեզ վրա դնենք»,- ասաց Ա. Սարգսյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular