Տնտեսական պայթյունին ընդառաջ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյս օրերին մինչ Կենտրոնական բանկը դիտորդի դերում հետևում էր արժութային շուկայում տեղի ունեցող զարգացումներին և դրամի արժեզրկմանը, ավանդատուները շտապում են բանկերից հանել իրենց խնայողությունները։ Հայտնի բան է, որ բանկային խնայողություններն ուղղակի կախվածության մեջ են երկրի ֆինանսական և արժութային կայունությունից։ Ապացուցված է, որ երբ ֆինանսական կայունությունը խաթարվում է, դա անմիջապես ազդում է բանկային ավանդների վրա։ Մարդիկ հանում են իրենց գումարները՝ փորձելով ապահովագրել հնարավոր կորուստներից։ Փաստ է, որ բանկերի վրա ճնշումը վերջին շրջանում էապես ավելացել է։ Դա արտահայտվում է՝ ինչպես վարկային, այնպես էլ՝ ավանդային ռիսկի մեծացման տեսքով։
Տնտեսական իրավիճակից բխող սոցիալական լարվածությունն ու մարդկանց եկամուտների կրճատումը սպառնում է վարկերի վերադարձելիությանը։ Սպասվում է, որ առաջիկայում չաշխատող վարկերը կարող են հասնել ընդհուպ 10 տոկոսի, ինչը վատագույն ցուցանիշ է բանկային համակարգի համար։ Սակայն բանկային համակարգի խնդիրները միայն վարկերով չեն սահմանափակվում։ Ռազմաքաղաքական իրավիճակի սրացումը մեծացրել է լարվածությունն ու մտահոգություններն ավանդատուների մոտ։
Վերջին շրջանում դրան ավելացել են նաև անորոշություններն ու անկայունությունը, ինչը հանգեցրել է ազգային արժույթի զգալի թուլացման։ Մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ավանդային շուկայում տեղաշարժերը սկսել են արտահայտվել ռազմաքաղաքական իրավիճակի սրման դեռևս սկզբնական շրջանում։ Ղարաբաղյան պատերազմի օրերին ավանդատուների մի մասը շտապել է բանկերից հետ վերցնել իր խնայողությունները։ Դրա հետևանքով արձանագրվել է բանկային խնայողությունների բավական լուրջ նվազում։ Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերին բանկային ավանդները կրճատվել են ավելի քան 72 մլրդ դրամով։ Դրա գերակշիռ մասը ֆիզիկական անձանց կամ բնակչության ավանդներն են։ Հավելենք, որ միայն հոկտեմբերին բնակչությունը բանկերից դուրս է բերել շուրջ 70 մլրդ դրամի խնայողություն։ Խոսքը գրեթե 143 մլն դոլարի մասին է։ Այդ ամսվա ընթացքում բնակչության բանկային խնայողությունները կրճատվել են 4,1 տոկոսով։ Արձանագրենք, որ սա բավական լուրջ կորուստ է բանկային համակարգի համար։ Նման կտրուկ փոփոխություններ բանկային ավանդների կառուցվածքում շատ հազվադեպ են դիտարկվում։
Բնակչության բանկային ավանդների կրճատումը, սակայն, միայն հոկտեմբերին չէ, որ տեղի է ունեցել։ Նվազում է արձանագրվել նաև սեպտեմբերին։ Թեև սեպտեմբերին ավանդների դուրսբերումը բանկերից համեմատաբար քիչ է եղել։ Այդ ամսին բնակչության բանկային խնայողությունները կրճատվել են գրեթե 7,5 մլրդ դրամով։ Երկու ամսում բանկերը կորցրել են, ընդհանուր առմամբ, 77,3 մլրդ դրամ, ինչը համարժեք է 157-158 մլն դոլարին։ Արձանագրենք մի կարևոր փաստ․ ավանդների արտահոսք բանկերից սովորաբար տեղի է ունենում այն ժամանակ, երբ ճնշումն ազգային արժույթի արժեզրկման վրա մեծանում է։ Այս անգամ, սակայն, դրան ավելացել են նաև այլ գործոններ։ Բանկային խնայողությունների դուրսբերման վրա առավել մեծ է եղել պատերազմական իրավիճակի ազդեցությունը։ Պատահական չէ, որ ավելի շատ կրճատվել են տարադրամային, քան դրամային խնայողությունները։
Անդրանիկ Կիրակոսյան