ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավ կլիներ՝ մասնագիտական հարթությունում խնդրահարույց հարցերը քննարկվեին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավարտվում է 2020 թվականը և արդեն իսկ սկսվել է իշխանության տարբեր թևերը ներկայացնող կառույցների տարեվերջյան ասուլսիների շարքը: Այսօր նման ասուլիսով հանդես եկավ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Անդրադառնալով հարցին, թե համաձա՞յն է ՀՀ վարչապետի այն ձևակերպմանը, թե՝ դատական համակարգը դարձել է «փսևդո-էլիտայի» մաս, նշեց, որ համաձայն չէ այդ գնահատականին:

«Եթե իրավաբանական համայնքը բուրգի ձևով ներկայացնենք, ապա դատարաններն ու դատավորները բուրգի ամենավերևի մասում են գտնվում: Հետևաբար, իրավաբանական համայնքում դատավորները և դատարաններն արդեն իրենցով էլիտա են և որևէ այլ էլիտայում ներառվելու ո՛չ անհրաժեշտությունը կա, ոչ էլ՝ կարիքը»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Պատասխանելով 1or.am-ի հարցին, թե կիսո՞ւմ է արդարադատության նախարարի հայտարարությունը, թե վտանգված է արդարադատությունը՝ Վարդազարյանը նշեց, որ եթե վտանգված է, ապա նախարարը բոլոր լծակներն ունի դրա վերականգնման համար։ Իսկ եթե նախարարը կարծում է, որ համակարգն այն աստիճանի է վտանգված, որ քրեական հետապնդում կարելի է նախատեսել, ապա կա դատախազություն, հատուկ քննչական ծառայություն:

«Ինձ համար անընդունելի է ֆեյսբուքյան գրառումներով այնպիսի արտահայտությունները, որոնք նսեմացնում են դատական իշխանության հեղինակությունը: Նախարարի պնդումների թեմայով չկա որևէ վարույթ, որևէ դատավորի նկատմամբ այդ թեմայով: Իրավական գործընթացը դա է։ Ես այս առումով մտահոգություն չունեմ, բայց որպես քաղաքացի հետևում եմ ֆեյսբուքյան գրառումներին և ինձ մոտ էլ են հարցեր առաջանում, թե ինչո՞ւ այս կամ այն միջնորդությունը չբավարարվեց, կամ ինչո՞ւ բավարարվեց։ Ինձ համար իրավական այս կամ այն հարցը ֆեյսբուքում քննարկելու այս ձևաչափը անհասկանալի է: Եվ ընդհանրապես, անհասկանալի է, որ եթե դատախազությունը դեռ չի ստացել որոշումը, ծանոթ չէ հիմնավորումներին, ինչպե՞ս է որոշում, որ դատարանի կողմից կայացված որոշումը ապօրինի է, թե՝ ոչ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չունեմ և լավ կլիներ մասնագիտական հարթությունում նման հարցեր քննարկվեին, ոչ թե վարկաբեկեին ամբողջ համակարգը»,- ասաց Ռ. Վարդազարյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular