Թանկացել են ալյուրը, ձավարը, հացը, ձուն, բրինձը, պանիրը և այլ կաթնամթերք, թռչնամիսը, ձեթը, բենզինը, բնական սեղմված և հեղուկ գազը, շաքարը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանրապետությունում վերջին մի քանի օրերին արձանագրվել է առաջնային լայն սպառման ապրանքների գների աճ։
Թանկացած ապրանքների թվում են ալյուրը, ձավարը, հացը, ձուն, բրինձը, պանիրը և այլ կաթնամթերք, թռչնամիսը, ավելի վաղ՝ ձեթը, ինչպես նաև բենզինը, բնական սեղմված և հեղուկ գազը: Շաքարը թանկացել է 26.6%-ով՝ համեմատած նախորդ տարվա արժեքի։
Ընդ որում՝ հայտնի է, որ վառելիքի թանկացումն իր հետ բերելու է նաև այլ ապրանքների գների էլ ավելի թանկացման։
Եվ սա այն պայմաններում, երբ պատերազմը նոր է վերջացել, համաճարակը դեռ մոլեգնում է մեր երկրում, մի կողմից կորցրել ու կորցնում ենք աշխատատեղեր, մյուս կողմից քաղաքացիների ֆինանսական բեռը միայն ավելանում է։
Այս հարցի առնչությամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին և խնդրել ուսումնասիրել, թե սննդամթերքի և վառելիքի շուկայում թանկացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած ապրանքների գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար»։