ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն իր նկրտումներն ունի նաև ՀՀ տարածքի վերաբերյալ, որոնք չի թաքցնում․ պատերազմի վերսկսման վտանգ ու ռիսկեր միշտ կան․ Անժելա Էլիբեգովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմի վերսկսման վտանգ ու ռիսկեր միշտ կան, պետք է դրան պատրաստ լինել․ 2,5 տարի բոլոր փորձագետները զգուշացնում էին հայկական կողմին, որ խաղաղության պատրաստվելու փոխարեն պետք է պատրաստվել պատերազմի, ինչպես դա անում էր Ադրբեջանը։ Այսօր դա շարունակում է մնալ ակտուալ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Ադրբեջանում տարվող քաղաքականությանն ու հարցին՝ արդյո՞ք վերջինիս բավարարել է տարած հաղթանակը։

«Երբ մեզ փորձում են համոզել, թե ամեն ինչ վերջացավ, և արցախյան հարցը փակ է, դա, իհարկե, այդպես չէ։ Արցախյան հարցը ոչ միայն բաց է, այլև ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Գործողությունների հիմնական զարգացումը, հիմնական բանակցությունները, հիմնական հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակը դեռ առջևում է, հետևաբար պետք է հասկանալ, որ Ադրբեջանն ունի իր նկրտումները նաև ՀՀ տարածքի վերաբերյալ, որոնք չի թաքցնում և բարձրաձայնում է տարբեր մակարդակներով, և մենք, ամեն դեպքում, պետք է պատրաստ լինենք, որ պատերազմը կարող է վերսկսվել»,-ասաց Էլիբեգովան։

Վերջինս ընդգծեց՝ Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացնում է, վերականգնում է տեխնիկայի և մարդկային կորուստները։

«Պետք է հասկանալ, որ մենք էլ պետք է այդ ուղղությամբ աշխատենք, ոչ թե հանրությանը համոզենք, թե ամեն ինչ վերջացավ, և մենք հիմա գլուխներս կախ զիջումների ենք գնում, որովհետև Ադրբեջանը հաղթեց։ Հանրությունը պետք է պատրաստ լինի նրան, որ սա դեռ վերջը չէ, և մենք էլ պետք է ամրացնենք մեր դիրքերը, բանակը և հաշվի առնենք, որ Ադրբեջանն առաջնագծում ցանկացած պահի կարող է գնալ նոր սադրանքների»,-ասաց Էլիբեգովան։

Նրա պնդմամբ՝ իշխանությունները պետք է դադարեցնեն պարտվողականության քարոզը հանրության ներսում և դադարեն հանրությանը համոզել, թե հողերը, որոնք հանձնվում են, այդ թվում՝ Սյունիքից, ադրբեջանական են։

«Դրանք բացարձակ ադրբեջանական քարոզչական թեզեր են, որոնք Ադրբեջանը տարիներ շարունակ ապարդյուն հրամցնում էր հանրությանը, հիմա, ցավոք սրտի, ստացավ մեծ օգնություն նաև հայկական իշխանություններից՝ այդ թեզն առաջ քաշելու համար»,-նշեց նա։

Անդրադառնալով զոհերի, անհետ կորածների, գերիների վերադարձի հարցերին՝ ադրբեջանագետն ընդգծեց՝ հանրությունը պետք է իշխանություններից պահանջի հրապարակել իրական թվեր, պատմել ճիշտը։

«Փաստացի, այս պահի դրությամբ, մենք նույնիսկ չենք պատկերացնում այդ աղետի մասշտաբները, և մինչև հանրությունը չկարողանա ճիշտ գնահատել իրավիճակը, ունենալ իրական պատկեր, հասկանալ՝ ինչ է իր շուրջը կատարվում և ինչ հետևանքների է բերում, չի կարողանալու իր սխալներն ուղղելու հնարավորություն գտնել, որովհետև, եթե պատճառը չվերլուծենք, հետևանքների դեմ պայքարելն անհնար կլինի։

Իշխանությունները միտումնավոր են թաքցնում այդ թվերը, մեզ հատվածական են մատուցում իրականությունը, որովհետև եթե դրանք հրապարակվեն, կարծում եմ, հանրության վրա շոկային էֆեկտ են ունենալու»,-ասաց Էլիբեգովան։

Անդրադառնալով իշխանական ներկայացուցիչների կողմից Ադրբեջանի հետ հնարավոր տնտեսական կապերի ձևավորման վերաբերյալ հայտարարություններին՝ Էլիբեգովան ասաց․ «Երբ դեռ ադրբեջանական կողմում շանտաժով պահվող գերիներ կան և դիեր, որոնք մինչև հիմա չեն վերադարձվում, առևտուր և ընկերություն անելու մասին խոսել, բացի այն, որ սրբապղծություն է, այլ նաև իրատեսական չէ, քանի որ Ադրբեջանը չունի որևէ մոտիվացիա, որ աջակցի ՀՀ-ի տնտեսական զարգացմանը։ Ընդհակառակը, Ադրբեջանն անելու է ամեն ինչ, որ Հայաստանը շարունակի մնալ թույլ, պարտվածի հոգեբանությամբ, փշրված տնտեսությամբ, և չունենա որևէ հնարավորություն և ռեսուրս՝ զարգանալու»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular