Զինված խմբին ֆինանսավորել է հայր Անտոնը. նոր մանրամասներ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված զինված խմբին ֆինանսավորողը, որին ԱԱԾ-ն տեւական ժամանակ գաղտնի էր պահում, հայտնի է:
Մեզ հաջողվեց պարզել, որ զինված խմբին եւ մասնավորապես խմբի պարագլուխ հանդիսացող Արթուր Վարդանյանին ֆինանսավորել է «Ռադիո Մարիամի» Գյումրու մասնաճյուղի հիմնադիր հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը: Վերջինս խմբին վնասազերծելուց հետո ձերբակալվեց, կալանավորվեց, ապա մի քանի ամիս անց ազատ արձակվեց. նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Հայր Անտոնը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է «Ռադիո Մարիամի» Գյումրու մասնաճյուղի լրագրող, գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի միջոցով, վերջինս էլ Վարդանյանի հետ ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով: Մեր հավաստի տեղեկություններով, Թոթոնջյանը 70 հազար ԱՄՆ դոլար կանխիկ տվել է Արթուր Վարդանյանին՝ հստակ իմանալով, որ այդ գումարը տալիս է զինված հեղաշրջում սկսելու համար: Հայ Անտոնը ցուցմունքներում չի հերքել, որ ինքն է խմբին ֆինանսավորել: Մեր տեղեկություններով, 70 հազար ԱՄՆ դոլարը Հայ Անտոնին տվել էին Գյումրիում ինչ-որ շենք կառուցելու համար:
ԱԱԾ քննչական վարչության պետ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը մի քանի ամիս առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ զինված հեղաշրջում իրականացնելու նպատակ հետապնդած խմբին ֆինանսավորողը հայտնի է, բնակվում եւ գործում է Հայաստանում: Համբարձումյանը այդպես էլ հրաժարվել էր ասել, թե ով էր այդ անձը՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով: Նա միայն նշել էր, որ ֆինանսավորողը կալանավորված չէ: Ֆինանսավորողի՝ կալանավորված չլինելու հանգամանքը Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը տարօրինակ էր համարել: Հայր Անտոնը, հիշեցնենք, ազատ էր արձակվել սույն թվականի հունվարի 28-ին, նույն ժամանակահատվածում ազատ արձակվեց նաեւ լրագրող Լիլիթ Թորոսյանը:
Վարդապետ Թոթոնջյանը ծանոթ է եղել նաեւ այս գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ: Մեր տեղեկություններով, նրանք ծանոթացել են 2015 թ. ապրիլի 26-ին ՌԴ-ում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Այնուհետեւ կրկին հանդիպել են, որի ժամանակ էլ հայր Անտոնը պատմել է Արթուր Վարդանյանի մասին: Այսպիսով՝ Վահան Շիրխանյանը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է վարդապետ Անտոն Թոթոնջյանի միջնորդությամբ:
Նախաքննության ընթացքում Շիրխանյանն ու հայր Անտոնը առերեսվել են՝ ծանոթությունների ժամանակի, այդ շրջանակներում տեղի ունեցած խոսակցությունների եւ այդ ծանոթություններին ներկա անձանց շուրջ տեղի ունեցած հակասությունների վերաբերյալ: Թե ինչ հակասություններ են եղել իրականում, կփորձենք ճշտել Վահան Շիրխանյանից, որը պատրաստվում է վաղը հանդես գալ ասուլիսով:
Մեզ նաեւ հաջողվեց ճշտել, որ այս գործով նախաքննության ավարտից հետո, օրեր առաջ՝ նոյեմբերի 3-ին, Արթուր Վարդանյանը լրացուցիչ հարցաքննվելու միջնորդություն է ներկայացրել, ինչը բավարարվել է: Մեզ նրա ցուցմունքից որոշ մանրամասներ հայտնի դարձան, մասնավորապես, Վարդանյանը բառացիորեն նշել է հետեւյալը. «Հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը եւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մոտեցող հանրաքվեն, ես որոշել էի կազմակերպել ցույցեր, հանրահավաքներ, որպեսզի գերիշխեր «ոչ»-ը հանրաքվեի արդյունքում եւ փոփոխությունները չընդունվեին...: Մեզ հայտնի դարձավ, որ զինված խմբի անդամներից շատերը անձամբ Արթուրին վաճառել են զենք-զինամթերք, որոնցից մեծ մասը տեղյակ չեն եղել, թե ինչի համար են այդ զենքերը օգտագործվելու: Քրեական գործում գոյություն ունեն նաեւ ցուցմունքներ, որ Արթուր Վարդանյանը սպառնացել է մի քանիսին, որ հեղաշրջումից հետ կանգնելու դեպքում պատասխան կտան իրենց ընտանիքի անդամները: Արթուր Վարդանյանը, սակայն, իր ցուցմունքում հերքել է այդ սպառնալիքները, դրանք որպես սուտ որակելով: Անդրադառնալով՝ զենք-զինամթերքին, Վարդանյանը իր ցուցմունքում նշել է. «Իմ ունեցած կանխատեսումների համաձայն՝ Արցախի շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին եւ եթե իշխանությունն այդպիսի որոշում կայացներ, ապա զենքը կիրառվելու էր Արցախի ինքնապաշտպանության ժամանակ...: Այն բոլոր ծրագրերը, որոնք ես ունեցել եմ, եղել են հանուն հայ ազգի, Հայաստանի եւ Արցախի»:
Մեր տեղեկություններով, այս գործով նաեւ անջատված մաս կա. մեղադրյալներ Սրբուհի Այվազյանի, Լիլիթ Թորոսյանի, Հայկ եւ Հրանտ Վարդանյանների (Արթուր Վարդանյանի հորեղբոր որդիները,-հեղ.), Մարատ Թադեւոսյանի, Հովհաննես Բալաբանյանի եւ Աղասի Մարտիրոսյանի մասով նախաքննությունը շարունակվում է. նախաքննական մարմինը դեռ չի որոշել, թե ինչ որակում պետք է տա նրանց արարքներին: Այսինքն, այս գործով 20 հոգու մասով է գործն ուղարկվելու դատարան:
Հիշեցնենք, որ սույն քրեական գործը բաղկացած է 35 հատորից: Գործը մինչեւ նոյեմբերի 25-ը պետք է ուղարկվի դատարան:
Գործով մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելու), ՀՀ Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասի եւ 235 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ մասնակցելը եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելն ու իրացնելը):