ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի կարևորել գերիների վերադարձի հարցը, այս խնդրի հանգամանալից կարգավորումները, դրանցում մատնանշված չեն եղել ժամկետներ և կարևոր նախապայմաններ. Սիրանուշ Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերեվարված անձինք գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, բայց մինչ օրս լիարժեք հնարավոր չի եղել ապահովել այդ պաշտպանվածությունն ու նրանց իրավունքների իրացումը։ Այս մասին «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովին ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Միջազգային իրավունքի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ պետք է իրականացվեին քաղաքական լուծումները։ Միջազգային իրավունքը մեր հանդեպ երբեք չի կիրառվի, եթե ՀՀ իշխանություններն ու ԱԳն-ն պահանջատեր չլինեն այդ իրավունքի իրացմանը»,-ասաց նա։

Սահակյանը նշեց, որ միջազգային նորմերով ամրագրված է, որ ակտիվ հակամարտության դադարումից և խաղաղության հաստատումից հետո գերեվարված անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք։ Նրա խոսքով՝ կան նաև այլ կանոններ․ «Եթե անհապաղ ազատ չեն արձակվում, գործ ունենք կամայական ազատազրկումների հետ, ինչպես նաև կարող ենք խոսել առևանգումների, պատանդառությունների մասին, որոնք նաև հանդիսանում են Ժնևյան կոնվենցիային կից առաջին արձագանգրության էական խախտումներ, որոնք որակվում են որպես պատերազմական հանցագործություններ»,-ասաց նա։

Սիրանուշ Սահակյանը շեշտեց՝ միջազգային իրավական ռեժիմը ոչ միայն սահմանել է կանոններ, այլ նախատեսել է հետևանքներ, սակայն այս դեպքում չի ապահովվել ռազմագերիների անհապաղ ազատ արձակումն ու նրանց վերադարձը, այս ամենն ունի քաղաքական նախադրյալներ։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի կարևորել գերիների վերադարձի հարցը և այս խնդրի հանգամանալից կարգավորումները, դրանցում մատնանշված չեն եղել ժամկետներ և կարևոր նախապայմաններ դուրս են մնացել»,-ասաց իրավաբանը։

Որպես օրինակ նա նշեց՝ պետք է նախատեսվեր գործընթացի թափանցիկություն, յուրաքանչյուր կողմ պետք է ցուցակագրեր և մյուս կողմին տրամադրեր իր հսկողության ներքո հայտնված ռազմագերիների ցուցակը, պետք է ներդրվեին նաև ստուգողական մեխանիզմներ, միջազգային կառույցների ներկայացուցիչները պետք է կարողանային վերիֆիկացնել, որին հաջորդեր բուն փոխանակման գործընթացը։

«Նման կարգավորումներ չեն եղել, արդյունքում մենք բախվում ենք խնդիրների․ ակնհայտ անբարեխղճություն Ադրբեջանի կողմից, հերքվում են անգամ անվիճելի դրվագները։ Տեսնում ենք անգամ ցինիզմի տարրեր»,-ասաց Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular