ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Թաթոյանը հայտարարություն է արել Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման, և վերջ: Facebook սոցցանցի իր էջում նման հայտարարություն է արել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով գերիների վերադարձի թեմային։

«Բացարձակ անընդունելի է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետում չկա կոնկրետ ժամկետ` կապված գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակմանը կամ վերադարձին: Սա չի նշանակում, որ Ադրբեջանի իշխանությունների համար թույլատրելի է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական պայմանավորվածությունների անընդհատ խախտումը. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը և այլն»,–նշված է ՄԻՊ–ի հայտարարության մեջ։

Թաթոյանը հայտնել է նաև, որ այդ ամենը հոգեկան տառապանքներ է պատճառում գերիների ընտանիքներին, խաղում է հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն է առաջացնում մեր երկրում, և դա արվում է նպատակային:

Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները, թե գերության մեջ գտնվողները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ են ու ձերբակալված են, ըստ Թաթոյանի, կոպտորեն ոտնահարում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Այդ հայտարարությունները հակասում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին:

«Նրանք կարգավիճակով գերի են և վերջ: Նույնությամբ բոլոր պահանջները պետք է տարածվեն նաև զոհվածների մարմինների փոխանակման և անհայտ կորածների որոնողական ու փրկարարական աշխատանքների նկատմամբ»,–հավելել է Թաթոյանը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դատապարտելի է համարում բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող այս հարցի քաղաքականացումը կամ անգամ հեռավոր կերպով այն տարածքային որևէ հարցի հետ կապելն ու դա քաղաքական նպատակներով օգտագործելու` ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն` նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Հայ գերիների որոշները վերադարձել են հայրենիք։ Ադրբեջանը, սակայն, չի հայտնում, թե քանի գերի ունի իր մոտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular