ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական թիմի հերթական «կռուտիտը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Օրերս Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեկնաբանել է Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը։

Հղում անելով նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ Ալիևն ասել է․ «Նախիջևանի միջանցքը առաջիկայում կբացվի»։

Եթե ուշադիր հետևենք խոսնակի մեկնաբանությանը, ապա նրա խոսքի առաջին հատվածն իր շեֆի ոճով է՝ պարզունակ բլեֆ, ինչն էլ հիմքեր է տալիս կասկածներ ունենալու ամբողջ մեկնաբանության հեղինակային պատկանելության վերաբերյալ։

«Նիկոլ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա,- գրում է Մ․ Գևորգյանը,- որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա»:

Ակնհայտորեն դժվար է ասել, թե այդ ի՛նչ «բազմիցս» է, որից հանրությունը տեղյակ չէ, բայց հատկանշական է, որ վերամբարձ այդ բառակույտին արագ հետևում է նիկոլական «կռուտիտ-բլեֆը»․

 «Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է և այս համատեքստում՝ նաև Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապ հաստատելու»:

Միանշանակ կհամաձայնեք, որ նման ձևակերպմամբ, մեկնաբանության հեղինակի կարծիքով, նախ՝ անորոշանում է Նախիջևանի միջանցքի բացման վերաբերյալ Ալիևի հայտարարությունից ենթադրվող ժամանակահատվածը, ապա և՝ հընթացս բավարարվում են հայ պողոսների «ինքնիշխանական», «հպարտական» պահանջմունքները, քանի որ Նախիջևանի միջանցքի բացումը ենթադրում է նաև «տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում», որից անպայման կօգտվի ինքնիշխան Հայաստանը՝ տրանսպորտային՝ ավտոմոբիլային, երկաթուղային ելքեր ստանալով դեպի Ռուսաստան և Իրան։

 Մինչդեռ պարզ տրամաբանությամբ, մինչև վերոնշյալ «տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը»՝ անհրաժեշտ է, որ լուծված լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող խնդիրները, առնվազն՝ կարևորագույնները, հակառակ պարագայում «ապաշրջափակում»՝ որպես այդպիսին, տեղի չի ունենա։ Հենց այս փաշինյանական բլեֆն է խփվում Ալիևի սոսկ մի բառով՝ «առաջիկայում»։ Իսկ որ ԼՂ հիմնախնդիրն առաջիկայում լուծվող չէ՝ դրա համար նաև ռուսական կողմն է «ժամանակային միջանցք» թողել՝ 5 տարի, եթե հարկ եղավ՝ ևս 5 տարի՝ իր խաղաղապահ առաքելությամբ, հետևաբար ալիևյան «առաջիկայում»-ն ամենևին չի ընկալվում որպես 5 կամ 10 տարի անց, այլ՝ «շուտով», կարելի է նույնիսկ ենթադրել՝ «շատ շուտով», ինչն էլ հենց պարզորոշ է դարձնում վարչապետական բլեֆը։

Սա մի բլեֆ է, որով փորձ է արվում թաքցնել Ադրբեջանի ճնշումների ներքո նոր զիջումների գնալու ապիկար իշխանությունների նախատրամադրվածությունը։ Նաև, ինչպես ակնհայտ է վարչապետի խոսնակի ոճաբանությունից՝ հանրային կարծիքի զգուշավոր նախապատրաստությունը։ Ըստ ամենայնի՝ կարելի է պնդել, որ հենց սա է լինելու հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ալիև-Պուտին-Փաշինյան բանակցությունների առանցքը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular