ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետականության դանդաղ կորուստն ու ամորֆ հասարակությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի քան երկու տարի առաջ ցանված սերմերն այնքան հարուստ բերք են տվել, որ նույնիսկ Արցախյան երրորդ ազատամարտում մեր կրած ծանրագույն պարտությունը չկարողացավ ամբողջովին վերացնել այն:

Խոսքը հասարակությունը սկզբում սևերի, իսկ այնուհետև նախկինների տարբաժանման գործընթացի մասին է, ինչը Փաշինյանի անձնական իշխանության պահպանման հիմնական գրավականն է: Հիմնական, որովհետև ողջ հասարակության կողմից մերժվելու պարագայում ուժային կամ իրավապահ որևէ կառույց չէր հանդգնի թիկունք կանգնել մեկին, որ չգիտես՝ բացարձակ ապաշնորհ է, խելագար, թե դավաճան և կամ բոլորը միասին:

Իշխանությունների կողմից տարիներ շարունակ գեներացվող «նախկինները բոբո են» իռացիոնալ մտայնությունն այնքան հիմնովին է մտցվել հասարակության ուղեղը, որ մտավորականություն կոչված խավը դրանից կարողացավ ազատվել միայն պատերազմում մեր պարտության «շնորհիվ»:

Էլ ինչ ասես նրանց մասին, ովքեր դպրոցից հետո հազիվ մեկ-երկու գիրք են ընթերցել: Այստեղ առանցքային դերակատարություն է ունեցել նաև հանրության այդ հատվածի մոտ պետականության զգացողության բացակայությունը, որովհետև նշված հատվածին անհանգստացնում է ոչ թե պետականության դանդաղ կորստի սպառնալիքը, այլ նախկինների վերադարձի ուրվականը:

Հանուն արդարության պետք է նշվի, որ «Սերժին մերժելն» ու Նիկոլին իշխանության բերելը ինչ-որ բաներ փոխեցին, սակայն արմատական փոփոխություններ չէին կարող իրականացվել, քանի որ դրա համար անհրաժեշտ է իշխանությունների համակարգված աշխատանք, բայց այդ առումով հասարակությունն ականատես եղավ միայն համակարգված պոպուլիզմի: Բայց այդ պոպուլիզմը ոչ միայն Նիկոլի նախաձեռնությունն էր, այլև այն մեխանիզմն էր, որ պարարտ հող գտավ մեզանում, այլապես չէր ծլի-ծաղկի:

Ինչ վերաբերվում է նախկինների վերադարձի և պետության ապագայի երկընտրանքին. նախկինների ուրվականի դեմ վիրտուալ պայքարն ընդամենը մեր հայրենիքի ապագայի նկատմամբ անտարբերության դրսևորում է: Առողջ հասարակության դեպքում նման երկընտրանք ուղղակի չէր կարող ծագել, քանի որ պետության ապագան որևէ պարագայում չի կարող նույնիսկ պարզ համեմատության մեջ դրվել որևէ այլ երևույթի հետ՝ ինչպիսին էլ լինի այդ երևույթը: Եվ միայն այն փաստը, երբ բանական արարածի համար ամենաթանկարժեք բանը՝ կյանքը, գիտակցորեն զոհաբերվում է հանուն պետության ապագայի, ապա մնացած ամեն ինչ երկրորդական է, երրորդական, չորրորդական ու տասներորդական: Էլ չասած պետության ապագան նախկինների վերադարձին ստորադասելը:

Եվ բոլոր նրանք, ովքեր այսօր իրենց ինչ-որ ձևով արդարացնելու համար առաջ են բերում նախկինների վերաբերյալ արհեստական դրույթը, ընդամենը փորձում են քողարկել, ինչպես ասվեց, ոչ միայն պետական մտածողության, այլև պետականության զգացողություն անգամ չունենալը: Որովհետև, եթե վաղը դադարի գոյություն ունենալ ՀՀ-ն, ապա իշխանության կգան ոչ թե նախկինները, այլ այն թուրքերը, ովքեր համարյա թե 1000 տարի տեր ու տնօրինություն էին անում մեր երբեմն հզոր հայրենիքի տարածքում, տեր ու տնօրինություն էին անում մեր նախնիների կյանքի ու ունեցվածքի նկատմամբ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular