Ինչի՞ մասին է լռում Փաշինյանը. հայկական զորքերը դուրս կբերվե՞ն Արցախից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը անչափ ուշագրավ մի տողատակ էր պարունակում. այն է, թե ինչի մասին է լռել վարչապետը: Բանն այն է, որ Փաշինյանի գրառման մեջ որևէ հերքում չկար Արցախից հայկական զորքերը դուրս բերելու մասով, իսկ այդպիսի տեղեկատվություն վերջին օրերին անչափ համառ կերպով տարածվում էր թե հայկական, թե ադրբեջանական մեդիա սեգմենտներում:
Փաշինյանն, իհարկե, փորձեց հերքել Մեղրիով թուրք-ադրբեջանական տանդեմին ճանապարհ կամ միջանցք տալու մասին տարածվող ինֆորմացիան, սակայն դա էլ իր հերթին պարզ մանիպուլյացիա էր, որին Փաշինյանը արդեն որերորդ անգամ դիմում է: Մանիպուլյացիայի հաշվարկը պարզ է՝ խաղալ հուզական լարերի վրա` անելով գերիների վերադարձի և տնտեսական կասկածելի դիվիդենտների մասին հայտարարությունները: Այն, որ Փաշինյանը հերքում է Մեղրին հանձնելու մասին տեղեկությունը, ենթադրում է երկու բան՝ նախ, այնուամենայնիվ պայմանագիր լինելու է և երկրորդը՝ նա պատրաստ է գնալ այդ քայլին` իշխանությունը պահելու համար:
Չհերքելով` Փաշինյանը հաստատում է նաև Արցախից հայկական զորքերի դուրս բերման մասին տարածվող տեղեկությունը: Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ քայլը՝ ավելորդ է անգամ ասել: Հայաստանը կորցնելու է Արցախի նկատմամբ վերահսկողությունը, իսկ Արցախում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը դրվելու է լուրջ սպառնալիքի տակ: