ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ ո՞ւր առանց Արցախ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը վաղը՝ հունվարի 11-ին մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Պատերազմի ավարտից և Հայաստանի համար նվաստացուցիչ պայմանագրի ստորագրումից ի վեր, սա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումն է։ Այս հանդիպումն ինտրիգային էր նաև այն պատճառով, որ դրա օրակարգը մինչև այսօր գաղտնի էր պահվում։

Չնայած իշխանությունները հետևողականորեն չէին գաղտնազերծում քննարկման ենթակա հարցերի օրակարգը, այդուհանդերձ տարբեր աղբյուրներից ինֆորմացիոն արտահոսքերից պարզ էր, որ Հայաստանի համար հերթական վտանգավոր և նվաստացուցիչ համաձայնություն է ձեռք բերվելու կամ պայմանագիր է ստորագրվելու։

Հանրությունը, քաղաքական ուժերն ու փորձագիտական շրջանակները, վերջին տասնօրյակում մասնավորապես, փորձում են, իհարկե, վաղն էլ կփորձեն խոչընդոտել և խափանել վարչապետի այցը Մոսկվա։ Կստացվի, թե ոչ, վաղը կերևա։

Իսկ ի՞նչն է մարդկանց հիմնական մտահոգությունը, ինչո՞ւ մարդիկ չեն վստահում Նիկոլ Փաշինյանին։

Խնդիրն այն է, որ վերջերս Նիկոլ Փաշինյանն իր հերթական հարցազրույցներից մեկում նշել էր, որ նոյեմբերի 9-ից հետո, բանավոր համաձայնությամբ ձեռքբերված պայմանավորվածություններ կան։ Այս կոնտեքստում Հայաստանը Սյունիքում զիջեց և շարունակում է զիջել տարածքներ, բնակավայրեր, ճանապարհներ ռազմավարական նշանակության բարձունքներ և այլն։

Ի դեպ, ըստ տարբեր վարկածների, զիջումներ կլնեն նաև մյուս՝ մասնավորապես Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում որևէ հիշատակում չկա դիցուք Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի, Գորիս Կապան ավտոմայրուղու 21 կմ հատվածը Ադրբեջանի վերահսկողության տակ անցենելու և առհասարակ GPS-ով Ադրբեջանին Հայաստանի տարածքները նվիրելու խայտառակ գործընթացների մասին։ Վերը թվարկած կորուստները այլևս իրողություններ են, ինչն էլ ողջամիտ տագնապ ու կասկած է առաջացնում, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը պատրաստ է շարունակել ամեն հնարավորը զիջելու իր պատրաստակամությունը։

Իսկ ի՞նչն է Փաշինյանի մոտիվը՝ իր իսկ հայրենիքը բզիկ-բզիկ անելն ու թշնամուն հանձնելը։ Թերևս սա այլ քննարկման մեծ թեմա է, սակայն ոզնուն էլ հասկանալի է, որ ցանկացած զիջման Փաշինյանը համաձայնում է գերազանցապես իր պաշտոնավարումը թեկուզ մեկ օր երկարացնելու համար։

Վերադառնանք Մոսկվայի հանդիպմանը։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հաղորդագրության մեջ Արցախի մասին որևէ հիշատակում չկա։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՀՀ վարչապետը պատերազմից հետո, առաջին իսկ հանդիպմանը, Արցախին վերաբերող խնդիրներ օրակարգ չի բերում։ Արդյո՞ք ՀՀ իշխանություններն այլևս հետաքրքրված չեն Արցախի ճակատագրով և Արցախի հետ կապված հետագա խնդիրների կարգավորումների իրավունքը զիջել են Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին։ Վաղը որոշ հարցեր պարզ կդառնան։ Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է գնում ոչ միայն պատերազմում պարտվածի, այլև շուրջ երկու ամիս թշնամական երկրի ղեկավարի կողմից գրեթե ամենօրյա ռեժիմով ծաղրի ու հեգնանքի ենթարկվածի կարգավիճակով։ Ինչո՞ւ է սա կարևոր հանգամանք համարվում։ Նախ այն պատճառով, որ աշխարհում երբևէ չի եղել դեպք, երբ պատերազմ պարտված, հազարավոր կյանքեր զոհած, տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետրեր տարածքներ կորցրած երկրի առաջնորդը ոչ միայն շարունակի պաշտոնավարել, այլև ամեն օր նոր զիջումների գնա։ Սա թերևս նոնսենս է։ Իսկ մյուս աբսուրդն այն է, որ չի կարող Նիկոլ Փաշինյանը պարզապես հավասարը հավասարի պես բանակցել Ալիևի հետ։ Բայց նա գնում է բանակցելու։ Այս դավադիր շղթայի պերճանքի ու թշվառության մի դրվագը սա է, որի արտացոլումը վաղվա հանդիպումն է՝ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնում առանց Արցախ, քանի որ նա հիմա չի կարող թելադրել, ձևավորել կամ թեկուզ փոխել որևէ օրակարգ։

Արտակ Հովհաննիսյան

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular