ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞վ է վտանգավոր «բրիտանական» շտամի կորոնավիրուսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
gazeta.ru-ն գրում է, որ COVID-19-ի նոր «բրիտանական» շտամի տարածման դեմ պայքարելու համար պետք է պահպանվեն նույն սանիտարահամաճարակային կանոնները, ինչ պահանջվում է սովորական կորոնավիրուսի դեպքում: Այդ կարծիքն է հայտնել Գամալեյի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոնի վիրուսաբան Վիկտոր Զուևը: Ինչպես նշել է մասնագետը, «բրիտանական» շտամի պաթոգենությունը չի գերազանցում կորոնավիրուսի նախնական տարբերակին, հետևաբար դիմակաձեռնոցային ռեժիմը և սոցիալական հեռավորության պահպանումը մնում են վարակը կանխելու հիմնական կանոնները:
 
Ըստ գիտնականի՝ նոր շտամի միակ վտանգն այն է, որ այն ավելի վարակիչ է. COVID-19- ի բնօրինակը կրողը հազալիս կարող է վարակել երեք մարդու, իսկ «բրիտանական» տարբերակով վարակվածը տասը մարդու:
 
«Հիմնական բանը այն է, որ նրա անտիգենային հատկությունները չեն փոխվել, ուստի պատվաստանյութի արդյունավետությունը պահպանվում է նաև այս շտամի դեմ»,- նշել է Զուևը:
 
Միևնույն ժամանակ, փորձագետները հավաստիացնում են, որ վիրուսի մուտացիաները նորմալ են, և COVID-19-ի փոփոխությունների մեծ մասը եղել են աննշան: «Բրիտանական» տարբերակը 23 մուտացիաների համադրություն ունի, որոնցից մի քանիսը փոխել են վիրուսի փոխանցումը:
 
Պատվաստումների մասնագետները վստահ են, որ առկա դեղերը կկարողանան արգելափակել նոր տարբերակը, չնայած դա պետք է հաստատվի լաբորատոր փորձերի միջոցով, որոնք այժմ ընթացքի մեջ են, հայտնել է BBC-ն:
Անգլիայի հարավում սեպտեմբերին առաջին անգամ հայտնաբերված նոր շտամն է, որ վերջին շաբաթների ընթացքում առաջացրել է COVID-19 դեպքերի կտրուկ աճ Լոնդոնում, Անգլիայի հարավ-արևելքում և արևելքում:
 
Համաձայն Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) տվյալների՝ այդ տարածքներում դրական արդյունք ունեցող մարդկանց մոտ երկու երրորդը հավանաբար վարակված է կորոնավիրուսի նոր տարատեսակով:
Հարկ է նշել, որ COVID-19-ի ավելի վարակիչ տարբերակի դեպքեր հաստատվել են Գերմանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում և Ֆրանսիայում, ինչպես նաև Կանադայում և Ճապոնիայում:
 
Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի ինֆեկցիոն հիվանդությունների մաթեմատիկական մոդելավորման կենտրոնի վերջին հետազոտության համաձայն՝ VOC-202012/01 անվանված կորոնավիրուսի նոր տարբերակը 56%-ով ավելի վիրուլենտ է, քան մյուս շտամները, և դրանով է բացատրում Եվրոպայում դեպքերի նոր բռնկումը:
 
Իրադարձությունները ստիպել են Ճապոնիայի իշխանություններին փակել սահմանները բոլոր ոչ ռեզիդենտ օտարերկրացիների մուտքի համար, հայտնել է NHK հասարակական հեռարձակողը:
 
ԱՄՆ-ը դեռ չի հաղորդել «բրիտանական» շտամի դեպքերի մասին: Բայց ԱՄՆ իշխանությունները Մեծ Բրիտանիայից ժամանող ավիաընկերությունների բոլոր ուղևորներից պահանջում են կորոնավիրուսի հայտնաբերման բացասական ցուցանիշ մեկնելուց հետո 72 ժամվա ընթացքում, հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
 
 
Այնուամենայնիվ, Փենսիլվանիայի համալսարանի վարակաբան Դոկտոր Փոլ Օֆիտը գտնում է, որ այցելուներին ներկայացվող նոր պահանջները «նման են մոծակների դեմ մետաղալարե ցանկապատ կառուցելուն»:
 
CDC-ն ընդունել է, որ «թեստավորման պահանջը չի վերացնում բոլոր ռիսկերը», բայց եթե այն զուգորդվում է այլ միջոցառումների հետ, ինչպիսիք են ախտանիշների ինքնակառավարումը, դիմակ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը, «կարող են ավելի անվտանգ դարձնել միջազգային ճանապարհորդությունները»:
Միևնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը արդեն իսկ նախազգուշացրել է, որ COVID-19-ի ներկայիս համաճարակը վերջինը չի լինի, ուստի հորդորել է դասեր քաղել դրանից:
 
«Պատմությունը ասում է, որ սա վերջին համաճարակը չէ, և որ համաճարակները դառնալու են կյանքի փաստեր»,- ասել է նա:
 
Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ վերջին 12 ամիսների ընթացքում աշխարհը «գլխիվայր շրջվել է», և համաճարակը, բացի վարակի տարածումից, հեռահար հետևանքներ է ունեցել հասարակությունների և տնտեսությունների համար:
 
«Մենք բոլորս պետք է սովորենք այն դասերը, որոնց սովորեցնում է համաճարակը, և բոլոր երկրները պետք է ներդրումներ կատարեն բոլոր տեսակի արտակարգ իրավիճակները կանխելու, հայտնաբերելու և մեղմելու համար»,- ասել է Գեբրեյեսուսը:
 
Նա նաև նշել է, որ արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելը ներառում է պետականամետ մոտեցում ամբողջ բնակչության հետ համատեղ: Բացի դա նա ասել է, որ «համաճարակն ընդգծել է սերտ կապը մարդկանց, կենդանիների և մոլորակի առողջության միջև», և մարդու առողջությունը բարելավելու ջանքերը պետք է հաշվի առնեն մարդկանց և կենդանիների շփումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող էքզիստենցիալ սպառնալիքները:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular