ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի 10-ին ստորագրված դավաճանությունը Հայաստանի երրորդ հանրապետության վախճանագիրն էր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն է։

- Պարոն Քանանյան, այս օրերին լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկություն է շրջանառվում, որ այսօր՝ հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպման մասին։ Ճիշտ է, դեռ պաշտոնական տեղեկություն չկա, բայց դուք ի՞նչ ակնկալիք ունեք այդ հանդիպումից, և ի՞նչ հարցեր կարող են քննարկվել այդ հանդիպմանը։

— Կարելի է ասել ես շատ քիչ եմ հետաքրքրված այդ հանդիպմամբ, որովհետև ինչ հնարավոր էր չակերտների մեջ անել Հայաստանը կործանելու համար սկսած հետպատերազմյան 1994թ․-ից մինչ ի վեր և հատկապես նոյեմբերի 10-ին ստորագրված այդ դավաճանական փաստաթղթով արդեն արեցին։ Նոյեմբերի 10-ին ստորագրված դավաճանությունը Հայաստանի երրորդ հանրապետության վախճանագիրն էր և դրանից հետո Փաշինյանի ստորագրելիք կամ նրանից հետո իշխանության եկող նույնքան  ստրկաբարո և օտարահպատակ հետագա կառավարությունների կողմից ստորագրվելիք բոլոր խայտառակ և Հայաստանը կործանող փաստաթղթերը  ընդհամենը լինելու են ածանցյալ նոյեմբերի 10-ի փաստաթղթից։ Նոյեմբերի 10-ի փաստաթղթով հանձնվել է Քարվաճառն ու Քաշաթաղը և դրանով Արցախը դարձել է ի սպառ անկենսունակ և  անհեռանկար տարածք հայապատկանության իմաստով։ Մենք բոլոր հիմքերը ստեղծեցինք Սյունիքի դատարկման և ոչ շատ հեռու ապագայում նաև կորստյան իմաստով։ Առանց Արցախի և ներկա Սյունիքի տեսքով այս հանրապետությունը այլևս որևէ կենսունակության հիմք չունի։ Հետևաբար նոյեմբերի 10-ից հետո ինչ էլ ստորագրվի  ընդհամենը բխելու է  նոյեմբերի 10-ի կործանարար դավաճանությունից։  

- Ալիևը շարունակում է իր կոշտ հռետորաբանությունը, և դրա վկայությունն է Հայաստանի ԱԳ նախարարի՝ Արցախ կատարած այցից հետո նրա հայտարարությունը։ Ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ պատասխան պետք է հնչի մեր իշխանությունների կողմից։

— Ոչ մի պատասխան․․․Հայաստանի ներկա իշխանությունները այսօր հպատակ և առանց քննարկելու անելու են այն, ինչ կհրահանգի Մոսկվան։ Բնականաբար Հայաստանի երկրորդ՝ ռուս-թուրքական մասնատումից հետո, Արցախը ռուսական և թուրքական օկուպացիոն գոտիների բաժանելուց հետո ռուսը և թուրքն են տնօրինելու Արցախ մտնողների և դուրս եկողների ճակատագիրը, անվտանգության և տարածք մուտք գործելու տեսակետից։ Սյունիքի խայտառակ սահմանազատումը  և մնացած բոլոր հարցերում Հայաստանը  քննարկման կողմ չէ և հետայսու ոչ էլ լինելու է։ Հայաստանը արդեն մասնատված, բզկտված անդեմ  և անինքնիշխան տարածք ու գաղութ է, որը հետայսու գաղութ էլ չի լինելու և հետզհետե դառնալու է ռեզերվացիա։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular