ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենուր միայն ոստիկաններով. լեգիտիմության վախճանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետը մեկնեց Մոսկվա հանդիպելու ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ։ Թերևս գրանցվեց աննախադեպ մի բան՝ Նիկոլ Փաշինյանը օդանավակայան հասավ ոստիկանական մեծ ուժերի աջակցությամբ։ Նման դեպք Հայաստանի պատմության մեջ չէր արձանագրվել։ Դեռ երեկ էր արդեն հայտնի, որ քաղաքացիները փորձելու են խոչընդոտել Փաշինյանի թռիչքին։ Այդուհանդերձ վարչապետը թռավ Մոսկվա։ Իրավիճակն, իրականում, Հայաստանի համար որպես պետություն, անթույլատրելի է, ավելին՝ վտանգավոր։ Իրավիճակը Նիկոլ Փաշինյանի համար, որպես երկրի ղեկավար, առնվազն ամոթալի է։ Եվ այս ամենի համար մեղավոր և պատասխանատու է մեկ մարդ և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշիննյանն է։ Վարչապետի նկատմամբ հասարակության մի մասի նման վերաբերմունքն, ըստ էության, օրինաչափ է ու արդարացված։

Օրինաչափ չէ այն, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել ոստիկանական շարքերի հետևում։ Երբեմնի ժողովրդի վարչապետն այլևս առանց մեծաքանակ թիկնազորի չի կարողանում երկրում տեղաշարժվել։ Սյունիքի մարզ կիսաայցելությունը, Եռաբլուր այցելությունը, հիմա էլ Մոսկվա թռիչքը ուղեկցվեցին մեծաքանակ բողոքի ակցիաներով և ճանապարհների փակմամբ։ Իհարկե, բացի Սյունիք այցելությունից, մյուս դեպքերում Ոստիկանությունը ուժի կիրառմամբ ապահովեց Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը։ Բայց ինչքա՞ն այսպես։ Հայաստանը արդյո՞ք այն երկիրն է, որի ներքին ռեսուրսը կդիմանա ու կբավարարի ոստիկանական պետությանը բնորոշ ապրելակերպին և պետական կառավարմանը։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Հետևաբար վտանգավոր այս ընթացքը պետք է կանգնեցնել։ Դա կարող են անել թե՛ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը, թե՛ Հայաստանի քաղաքացիները։ Սա այլ քննարկման թեմա է։ Հիմա տեղափոխվենք Մոսկվա։

Նախ Մոսկվայում Փաշինյանին օդանավակայանում դիմավորում է ինչ-որ մի պաշտոնյա ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից, իսկ ռուսաստանաբնակ հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ վարչապետի դեմ՝ պաստառների վրա գրած ունենալով հողատու, դավաճան և այլ գրառումներ։ Արձանագրենք, որ իրավիճակը դժգույն է, Հայաստանի բաց վերքն անընդհատ արնահոսում է։ Երկրի ղեկավարը մերժված է ոչ միայն երկրի ներսում, այլև երկրի սահմաններից դուրս։ Տարրական տրամաբանություն է պետք հասկանալու համար, որ Հայաստանը չի կարող նման կերպ ոչ միայն զարգանալ, այլև գոնե գոյատևել։ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը պետք է համարձակություն ունենան առերեսվելու այս իրականության հետ, հակառակ պարագայում հետևանքները կարող են անդառնալի լինել։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular