ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ուզում ենք ունենալ պետություն, ապա մենք պետք է գործենք Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Հայկ Սուքիասյանն է։

—Պարոն Սուքիասյան, Հայաստանում ընդդիմությունը շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը, իսկ վարչապետն էլ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին է խոսում։ Ներքաղաքական ի՞նչ իրավիճակ է երկրում՝ ըստ ձեզ։

— Ակնհայտ է, որ ոչ միայն 17 կուսակցությունները, այլ նաև կան այլ բևեռներ, որոնց պահանջին և ցույցերին ժողովրդի լայն հատվածը մնաց անհաղորդ։ Ես այդ 17 կուսակցություններին ընդդիմություն չեմ համարում, քանի որ նրանք Հայաստանի անցյալն են, որոնց հայ ժողովուրդը մերժել է, իսկ Հայաստանում ընդդիմություն կարող է լինել միայն ժողովուրդը։ Ակնհայտ է, որ այդ ուժերը չկարողացան մոբիլիզացիա ապահովել և ժողովուրդը անհաղորդ մնաց իրենց պահանջներին։ Ես կարող եմ ասել, որ ժողովուրդը երբեք չի սխալվում։

Ճիշտ է ժողովուրդը ակադեմիկոս չէ, բայց ժողովուրդը ունի իմաստություն, բնազդ և մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ  քիչ-քիչ կորցնում են իրենց պոտենցյալը։ Ինչքան որ այդ 17 ուժերի ժողովրդական ընդգրկումը նվազում է, այդքան իրենք դառնալու են ագրեսիվ․ դա քաղաքագիտության օրենք է։ Եթե բողոքի ակցիաների ժամանակ ժողովրդական ընդգրկումը մեծ է, ապա բռնություններ հիմնականում չեն լինում, բայց եթե ընդվզող հատվածը փոքր է լինում այդ ժամանակ բռնությունների հավանականությունը ավելի մեծ է։ Եվ ես ուզում եմ նախկին իշխանություններին և այդ ընդվզող հատվածին զգուշացնել, որ այդ բռնության պատասխանը շատ կոշտ կլինի։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություն լինելուն դա մեզնից կախված չի և եթե իշխանությունը որոշի, որ պետք է գնա արտահերթի, ուրեմն կգնա արտահերթի։ Եթե ես լինեի իշխանության փոխարեն, ապա վստահության հանրաքվե կանցկացնեի և դրանով հարցը կփակվեր։ Իսկ եթե հիմա արտահերթ ընտրություններ լինի կարծում եմ, որ նոր խորհրդարանը այս խորհրդարանից ավելի լավը չի լինելու և կարող է նաև ավելի վատը լինել, որովհետև շատ կցանկանայինք, որ այն նոր ուժերը որոնք նախկին քաղաքական այլանդակությունների մեջ թաթախված չէին լինեին խորհրդարանում, սակայն նրանք դեռ պատրաստ չեն։ Իշխանությունը 6 ամիս ժամանակ է խնդրել և իշխանությունը պարտավոր է լրջագույն փոփոխություններ անելու։

— Ի՞նչ եք կարծում, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը չի ցանկանում գնալ արտահերթ ընտրությունների միայն նրա համար, որ գործող իշխանություն հաղթելու շանսերը մեծ են:

— Հարյուր տոկոս, այդ ուժերը նոյեմբերի 10-ի առավոտյան գնացին իշխանությունը ուժով վերցնելու գործընթացին և ձախողեցին դա, այնուհետև գնացին զանգվածային գործողությունների և փորձեցին հասարակությանը մոբիլիզացնել, բայց չստացվեց և ժողովուրդը չվստահեց իրենց և դա նշանակում է, որ ամեն դեպքում հասարակության լայն զանգվածը վարչապետի հետ է։ Եվ եթե հիմա վստահության հանրաքվե լինի, ապա վարչապետը անցնելու է շեմը։ Այդ ուժերը նաև մերժում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ինչո՞ւ են մերժում, եթե վստահ են, որ այս իշխանությունը լեգիտիմություն չունի և չի անցնելու, ապա ինչու են խորշում արտահերթ ընտրություններից։ Դա նշանակում է, որ իրենք գիտեն, որ չեն անցնելու կամ եթե անցնեն էլ՝ լինելու են փոքրիկ խմբակցություն և որևէ դեր չեն ունենալու, հետևաբար իրենց նպատակը ընտրությունները չի, այլ փողոցով խժդժություն և ճգնաժամ առաջացնելն է և այդ ճգնաժամի մեջ փորձելու են տապալել գործող իշխանությանը։ Բայց դա չի լինելու հեղափոխություն, այլ լինելու է հեղաշրջում։ Եվ ես ուզում եմ ասել, որ եթե մենք ուզում ենք ունենալ պետություն և ոչ թե մնալ փողոցում, այլ ունենալ պետություն, ապա մենք պետք է գործենք Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, իսկ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իսկ ժողովուրդը իր իշխանությունը իրականացնում է ընտրությունների միջոցով և Հայաստանում իշխանափոխության ուրիշ ճանապարհ չկա։ Եթե գնանք այդ ճանապարհով, ապա կունենանք պետություն։ Նաև ես ուզում եմ մեր իշխանություններին և մյուս հատվածին զգուշացնել, որ եթե գնան խժդժությունների ճանապարհով, ապա լինելու է շատ խիստ միջամտություն։ Բոլոր դեպքերում իշխանության անօրինական յուրացումը քրեական հանցագործություն է։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular