ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցում էլի բանակցություններ կսկսվեն. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմագերիների փոխանակման հարցը մինչեւ վերջ լուծված չէ, բայց կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը: Երեկ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի՝ պատերազմից հետո առաջին հանդիպումից հետո այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա նշեց, թե հանդիպման ժամանակ այդ հարցի կարգավորմանը հասնել չեն կարողացել:

Նկատենք՝ հայկական կողմն այս բանակցությունների նախօրեին հայտարարել էր, թե հիմնական թեման բանակցությունների հենց գերիների հարցն է: Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին, սակայն, հստակ տեղեկություն չկա: Երկու օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը մասնավորապես ասել էր, թե այնտեղ են գտնվում 62 հայ զինվորականներ, որոնց Բաքուն ռազմագերի չի համարում, այլ ահաբեկիչ, քանի որ նրանք գերեվարվել են հրադադարից հետո:

Սակայն մոսկովյան առաջին հանդիպումից հետո Փաշինյանը նշեց, թե համաձայնություն ձեռք չի բերվել, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չկարգավորված խնդիրներից մեկը: «Իհարկե, մեզ, ընդհանուր առմամբ, հաջողվեց ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն:
Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, այս հարցի շուրջ»,- ասաց Փաշինյանը: Ստացվում է՝ այն նպատակը, որի համար Փաշինյանը մեկնել էր Մոսկվա, չի իրականացել, քանի որ վերջինս խոսում էր տրանսպորտային ապաշրջափակման մասին՝ հանուն ռազմագերիների վերադարձի, սակայն իրականացավ միայն առաջին մասը:

Այսպիսով, ի՞նչ իրավիճակ ունենք հանդիպումից հետո: Հանդիպման շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս փորձագետ Ստանիսլավ Պրիտչինի հետ: Նա շատ կարեւոր համարեց Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը: «Եռակողմ հանդիպումը շատ կարեւոր էր, որը տեղի ունեցավ ամենաբարձր մակարդակով: Բացի այդ հայտարարությունից, այլ շատ կարեւոր հարցեր եւս քննարկվել են, որոնց մասին բարձրաձայնումներ չեղան: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ առանց ռուսական կողմի միջնորդության, չի հաջողվում հարցերը տեղից շարժել, խոսքը վերաբերում է նաեւ հայտարարությունում նշված կետերին, այդ թվում՝ տրանսպորտային ճանապարհներին, տնտեսական կապերին:

Միայն ռուսական կողմի միջնորդությամբ հնարավոր կլինի կողմերին նստեցնել բանակցությունների սեղանին: Իհարկե, բոլոր հարցերի լուծումը մեծ ջանքեր է պահանջում եւ մեծ աշխատանք, որին ռուսական կողմը պատրաստ է», – վստահեցրեց փորձագերը։
Այսպիսով, պետք է փաստենք, որ Ալիեւն իր համար ղարաբաղյան կոնֆլիկտը համարում է լուծված, իսկ մենք դեռ ոչ միայն ռազմագերիների, այլեւ Արցախի կարգավիճակի հարց ու մի շարք այլ անորոշություններ ունենք։ Պատերազմից հետո ունենք բզկտված ներքին կյանք ու կորսված հայրենիք։

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular