ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետականության պահպանման հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատ է խոսվել և քանիցս ապացուցվել այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի անկախ պետականության գաղափարախոսությունը պետք է հիմնվեր երկու հիմնական արժեքների վրա՝ Արցախ և բանակ։ Ցավոք, պետականության կայացմանը զուգահեռ չձևավորվեց այդ գաղափարախոսությունը։ Արդյունքում, ստացանք պարարտ հող 2018թ․-ի իշխանազավթման և դրա ցավալի հետևանք՝ ներկայիս կորուստների համար։ Սակայն, դեռ ունենք հնարավորություն և պարտավոր ենք փրկել մեր գոյության և զարգացման կարևորագույն արժեքներն ու երաշխիքները։ Դրա համար առաջին հերթին չպետք է թույլ տանք բանակը վարկաբեկող գործողություններ։ Փաստ է, որ ներկայումս հայկական բանակը դժվար օրեր է ապրում, ինչպես մենք բոլորս։ Դրա հիմնական մեղավորը երկրի ղեկին հայտնված անձն է, որի մեծագույն «ծառայություններից» մեկը բանակի շարունակական վարկաբեկելն ու նրա դերի նսեմացնելն է եղել։ Այդուհանդերձ, այն մեր անվտանգության գլխավոր երաշխիքն է։ Միայն այն, որ Արցախի ՊԲ-ն 44 օր կենաց-մահու կռիվ է տվել ադրբեջանա-թուրքական բանակի և ահաբեկիչների զինված կազմավորումների դեմ, պատճառել նրանց ծանր կորուստներ, ցուցաբերել հերոսությունների զանգվածային օրինակներ, ամուր պահել իրեն վստահված պաշտպանական գրեթե բոլոր շրջանները, փաստում է այն մասին, որ մեր բանակը արել է առավելագույնը և արժանի է հարգանքի։

Սխալներն ու բացթողումները, որոնց պատճառով թշնամին կարողացավ հաջողություններ ունենալ հարավային ուղղությամբ, հետևանք էին Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարությունների անհասկանալի գործողությունների, որոնց մասին շատ է խոսվել զինվորականների ու ոլորտի մասնագետների կողմից և որոնք մանրակրկիտ հետաքննության կարիք ունեն։ Այնուհանդերձ պետք է փաստել, որ ցավոք, տվել ենք ծանր մարդկային կորուստներ՝ մոտ 5 հազար զոհվածներ, 10 հազար վիրավորներ։ Ունենք զինտեխնիկայի մեծ կորուստներ։ Այս ամենը լրջորեն ազդել են հատկապես ՊԲ-ի վրա, բայց այն ջախջախված չէ և շարունակում է պաշտպանել մեր հայրենիքի այդ հատվածի սահմանները։ Չի կարելի մեր գործողություններով թուլացնել նրան, կտրականապես պետք է մերժել «թող մեր երեխեքը չգնան Արցախ ծառայելու» ազգակործան մոտեցումը։ Այս տրամաբանությամբ վաղը կասենք, որ մեր երեխեքը չծառայեն Զանգեզուրում։ Այս մոտեցումը ուղիղ ճանապարհ է դեպի պետության կործանում և ցեղասպանություն։

Ուղղակի ողբերգություն է, որ այդպես էլ չհասկացանք, որ «մեր երեխեքը» Արցախում՝ Ջաբրայիլում կամ Ֆիզուլիում պաշտպանում էին Գորիսն ու Վայքը, Արտաշատն ու Վարդենիսը, Երևանն ու Աշոցքը, Ստեփանակերտն ու Ստեփանավանը և ամբողջ Հայաստանն ու Արցախը։ Ցավոք, հիմա արդեն անմիջականորեն Սյունիքի և Գեղաքունիքի սահմաններն ենք հարկադրված պաշտպանել։ Այս ամենի հետ մեկտեղ՝ ՀՀ ԶՈՒ-ն, ի տարբերություն ՊԲ-ի, արցախյան պատերազմում լուրջ կորուստներ չունեցան։ Թե ինչո՞ւ դրանք չմասնակցեցին այդ պատերազմին, ինչո՞ւ 10 օր շարունակ Արցախից օգնություն խնդրողներին աջակցության չեկան, որը կփոխեր պատերազմի ելքը, նույնպես ապագայում հետաքննության առարկա պետք է դառնա։ Այսպես, թե այնպես, ՀՀ զինված ուժերը իրենց հիմնական ներուժը պահպանել են։ Նրանք համալրման և նոր սպառազինության կարիք ունեն, անշուշտ։

Զորակոչիկներով համալրումը պետք է կատարվի պատշաճ ձևով, զինտեխնիկան պետք է համալրվի մեր դաշնակից ՌԴ աջակցությամբ։ Բնականաբար, դրա համար առաջին հերթին պետք է ունենանք փորձառու և գիտակից քաղաքական ղեկավարություն, այլ ոչ թե պարտության տարած և դավաճանի խարանով ապրող մեկը։ Քանի դեռ ներկայիս խմբակն է իշխանության, ակնկալել բանակի վերազինմանն ուղղված լուրջ և մտածված, մասնագետների կողմից մշակված քաղաքականություն, անհնար է։ Այս առումով ամենահրատապ անհրաժեշտությունն է օր առաջ ազատվել այս իշխանությունից և պատրաստ լինել դիմագրավելու նոր սպառնալիքների, որոնք ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։

Անդրանիկ Կիրակոսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular