ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդպես, ցավոք, եղավ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երկու հայազգի «իրավապաշտպաններ»՝ Վահե Ավետյանը եւ Վահան Մարտիրոսյանը, նոյեմբերի 8-ին Բաքվում ինչ-որ միջոցառման են մասնակցել:

Vesti.az-ը հրապարակել է լուսանկար, որտեղ նրանք գլուխ են խոնարհում Խոջալուի «ցեղասպանության զոհերի» հուշահամալիրում:

Վահե Ավետյանն ասել է, որ Խոջալուն «հայ ժողովրդի պատմության մեջ ընդմիշտ կմնա սեւ բիծ»:  Իսկ Վահան Մարտիրոսյանը հարց է հնչեցրել.

«Ինչո՞ւ Սարգսյանը եւ Կրեմլը հրաժարվում են բացել «հայոց ցեղասպանության» մասին արխիվները: Չէ՞ որ Թուրքիայի նախագահ Էրդողանն առաջարկում է բացել արխիվները, որպեսզի պատմաբաններն ուսումնասիրեն: Մի ակնթարթում թուրքերը մորթել են հայերին, որ այնտեղ ազատ եւ բարեկեցիկ ապրու՞մ էին: Այդպես չի լինում»։ Դժվար է հավատալ, որ այս բառերը հնչել են հայ մարդու շուրթերից: Բայց չհավատալու հիմքեր էլ չկան: Որովհետեւ դա նույն մարդն է, որ մեկ տարի առաջ Վրաստանի տարածքով անցել էր Ադրբեջան, տեւական ժամանակ ընտանիքով ապրել Բաքվում, հետո տեղափոխվել երրորդ երկիր: Ստույգ՝ Ուկրաինա, Օդեսայի մարզ, որտեղից թղթակցում է ադրբեջանական haqqin.az-ին՝ «հատուկ թղթակցի» կարգավիճակով:

Ցավալի է: Բայց չէ՞ որ հայրենիքը լքելուց առաջ Վահան Մարտիրոսյանը կարողացել էր իր համար ստեղծել «հալածված հանրային գործչի», «արդարության համար պայքարում առաջամարտիկի» կերպար: Այդ հարցում նրան մեծ աջակցություն էր ցուցաբերել մամուլը: Ինչպես որ այսօր էլ կայքեր կան՝ հրապարակում են Վահե Ավետյանի «գրական գոհարները»: Այդ հանդուրժողականության պատճառով չէ՞, որ մեզանում գտնվում են լրագրողներ, որ իրենց դժգոհությունը կիսում են հակառակորդ երկրի մամուլում: Խոսքի, տեղեկություն ստանալու եւ տարածելու ազատության իրավունքի մասին ձեւախեղված պատկերացումները չե՞ն, արդյոք, բերում նրան, որ հայ մարդը, որ չի կիսում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, Բաքվում կասկածի տակ է առնում ցեղասպանության իրողությունը:

Սոցիալական ցանցերում, իհարկե, տասնյակ հազարավորներ ամենավերջին բառերով կհայհոյեն Վահե Ավետյանին եւ Վահան Մարտիրոսյանին, նրանց կանվանեն «թուրք», «դավաճան»: Եվ դարձյալ կշահի ադրբեջանական քարոզչությունը: Որովհետեւ այդ ամենը կներկայացվի որպես «հայ իրավապաշտպանների դեմ կազմակերպված բռնություն»: Երեւույթը, ամենայն հավանականությամբ, արժանի է ավելի խոր վերլուծության: Հայհոյել միշտ կարելի է: Բայց, երեւի, առաջին հերթին հարկ է մտածել, թե որտեղ, երբ եւ ինչպես ենք վրիպել, որ մեր իրականության մեջ հայտնվել է վահանմարտիրոսյանություն: Ինչո՞ւմ ենք թերացել: Որտե՞ղ:

Դպրոցո՞ւմ, բուհո՞ւմ, բանակո՞ւմ: Առօրյայո՞ւմ… Մշակույթո՞ւմ: Իսկ որ թերացել ենք, կասկածել պետք չէ: Նույնիսկ եթե դա հատուկ ծառայությունների թերացումն է, իրավապահ մարմինների՝ պատասխանատուն նախ հասարակությունն է: Բոլորս ենք պատասխանատու, եթե մեր ամբողջությունից մեկը տրոհվել-անցել է հակառակորդի ճամբարը: Այդպես, ցավոք, եղավ: Եվ հակառակորդը, ինչպես տեսնում ենք, փորձում է երեւույթը դարձնել ավելի ընդգրկուն: Մի Վահան Մարտիրոսյան ոչինչ չարժե: Վտանգավորը վահանմարտիրոսյանությունն է, որ թշնամական քարոզչությունը ճիգ է անում ներդնել հայ իրականության մեջ: Եվ, երեւի, այստեղ մեր լռությունն ամենեւին էլ ոսկի չէ… Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular