ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրաքանչյուր աշխատող ամսական 1000 դրամ կվճարի բանակին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որոշման նախագիծ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման, նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքում փոփոխություններ կատարելու, պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով առաջարկվում է հատուցում վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողությունների, շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

«2016 թ. ապրիլ ամսվա դեպքերը ցույց տվեցին, որ ծավալուն մարտական գործողությունների արդյունքում զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառվող վնասները միայն ՀՀ բյուջեի նախատեսված միջոցներով և ամբողջ ծավալով հոգալ հնարավոր չէ, և դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ և նոր համակարգ: Այդ նպատակով, նախագահի հանձնարարությամբ, մշակվում է փաթեթ, որը նախատեսում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որը կներառի պետական և հասարակական աջակցության տարրեր:

Համակարգի հենասյունը` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հիմնադրամը, կմիավորի ստացվող դրամական միջոցները` ապահովելով այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը, իսկ առաջացած միջոցների հաշվին կփոխհատուցվեն զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները: Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքների անդամներին: Համակարգը նախատեսված է ներդնել 2017թ. հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` մահվան և առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճարվում է 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում` 5 միլիոն դրամ: «Հետագա 20 տարիների ընթացքում տրվում է ապահովագրական վճար`  սպայական անձնակազմին` 300 հազար դրամ, ենթասպաներին`  250 հազար դրամ, իսկ շարքային անձնակազմին` 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում` համապատասխանաբար` 200,150 և 100 հազար դրամ: Զոհվելու դեպքում սպայի ընտանիքին հատկացվում է 82 միլիոն դրամ, ենթասպային` 70 միլիոն դրամ, շարքային զինծառայողի ընտանիքին` 58 միլիոն դրամ:

Հիմնադրամի հատուցումները վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից` յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ  վճարում է ամսական 1000 դրամ` իր աշխատավարձից, արժեթղթերի վաճառքից, դրամաշնորհներից, նվիրատվություններից:

Հիմնադրամը կունենա կառավարման համակարգ` կառավարության, ԿԲ-ի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հոգաբարձուների խորհուրդ, կունենա գործադիր տնօրեն, գործադիր հանձնաժողով, որի միակ գործառույթը հիմնադրամի միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը պետք է լինի»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ փաթեթը հնարավորության դեպքում պետք է ճանաչել անհետաձգելի, որ հաջորդ տարվանից այն սկսի կիրառվել:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular