ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆեյքապետության պերճանքն ու թշվառությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը վերածվել է տիպիկ ֆեյքապետության: Օրինակ, վարչապետը հայտարարում է, որ կպատասխանի ֆեյսբուքյան իր էջի ամենաշատ հավանում ստացած հարցին: Դու էլ բանական, սթափ դատող մարդ ես, մտնում ես մի խելքը գլխին հարց ես գրում: Դե օրինակ, ինչո՞ւ նախարարը պետք է ամեն ամիս պարգևավճար ստանա, իսկ բժիշկը, մանկավարժն ու զինծառայողը` ոչ: Գրում ես հարցը, մի 2-3 հազար քեզ պես սթափ դատող մարդիկ հավանում են հարցը ու դու ակնկալում ես, որ վարչապետը կպատասխանի այդ հարցին, բայց հաջորդ օրը պարզվում է կա մի հարց, որ մի 15 հազար հավանում ունի ու հարցը վերաբերում է դիցուք կոպեկ առ կոպեկ թալանածը հետ բերելու անհասցե մեղադրանքներին, դղյակները պետականացնելուն: Ո՞ւմ դղյակը, ինչի համար, արդյո՞ք ազնիվ բիզնեսմեն է դղյակի տերը, թե՞ գող, թալանչի պաշտոնյա` կարևոր չէ: Կարևոր է նորին գերազանցություն պոպուլիզմը:

Լավ, մտածում ես, թե դե հիմա հնարավոր է մարդկանց կարող է այդ հարցը շատ է հետաքրքիր, կենսական նշանակության է, բայց դու չգիտես: Մտնում նայում ես, թե ովքեր են հավանել այդ հարցը: Պարզվում է հարցը հավանած օգտատերերը ոչ նկար ունեն, ոչ ընտանիք, ոչ հետաքրքրություններ, այսինքն պարզ ֆեյքեր են: Ու հնչում է այդ հարցը, ու պատասխան է ստանում այդ հարցը ու պոպուլիզմի հերթական դոզան ապահովված սլանում ենք առաջ: Ի դեպ, ֆեյքեր բոլորն ունեն` պատգամավորները, նախարարները, ԺԵԿ-ի պետերը նույնիսկ: Որևէ լուրջ հանրային դիսկուրս ոչինչ մի նշանակություն չունի, եթե ապահովված չէ հազարավոր լայքերով ու հայհոյախառն մեկնաբանություններով:

Դիցուք, որպես քաղաքացի դժգոհ ես Կրթության և Գիտության ոլորտից, քո ֆեյսբուքյան տիրույթում, կամ որևէ լրատվամիջոցով արտահայտում ես արդարացի դժգոհությունդ` ակնկալելով խնդրի կարգավորում: Սակայն քեզ վրա են հարձակվում հազարավոր օգտատերեր` քեզ հայտարարելով հակահեղափոխական դիշովկա, ռոբասերժական պիցայակեր, նախկին լափամանից կտրված թալանչի: Ասում են բա խի՞ Սերժի վախտ չէիր խոսում, թողեք կառավարությունը աշխատի ու նման բաներ: Նույն բանը հակառակ ճամբարում` քննադատում ես որևէ ընդդիմադիր գործչի ու սկսվում է կրկին հարձակում, հայհոյանքներ, մեղադրանքներ և այլն: Այսինքն առողջ միտք արտահայտելը մեր երկրում միևնույն է հանդիպում է դիմադրության: Սկսում ես մտածել` լավ բա պե՞տք է խոսել, թքած, թե այս կամ այն պետական կառույցը վատ չի աշխատում, այս կամ այն քաղաքական գործիչը ստերով ու անհեթեթություններով չի մաշում այդքան թանկ ժամանակը:

Միևնույն է մի բան ասես, դու ես դառնում հայհոյանքի թիրախ: Մարդիկ, իրական մտահոգ ու նորմալ դատող ու ապրող մարդիկ, շատ հաճախ լռում են` խուսափելով թիրախ դառնալ որևէ կողմի համար: Բայց նման իրավիճակում ուղղակի մեռնում է ավելի լավ հայրենիք ունենալու կարևոր կռվաններից մեկը` առողջ ազատ խոսք ասելու, սեփական կարծիքդ անկաշկանդ արտահայտելու իրավունքը: Ու երբ մի առ ժամանակ հետո հետ ես նայում, ակներև է դառնում, որ վերածվել ես ֆեյքապետության ու երկիրը ղեկավարում են Ֆեյսբուքի միջոցով, որտեղ ամեն ոք ու ամեն ինչ պայմանական է, կեղծ ու վիրտուալ` ֆեյք…

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular