ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրաքանչյուր հասարակություն արժանի է իր իշխանությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաձայնեք, որ բոլորս պարադոքսալ ժամանակների ու ամենաանհավանական պարադոքսների ժամանակներում ենք ապրում։ Բոլոր այն լոզունգներն ու սկզբունքները, որոնք գործածության մեջ են եղել վերջին տարիներին, պարզվեց՝ իրականում չեն գործում։ Ավելին՝ կարելի է որևէ սկզբունք, ծրագիր, կարգախոս, գաղափար առաջ քաշել և անել ճիշտ հակառակը։ Դիցուք, հայտարարել, որ կոռուպցիայի դեմ պայքարը իշխանությունների գլխավոր անելիքն է և 2018-ին իշխանության գալով մենք «վերացրել ենք» կոռուպցիան։ Սակայն հետո պարզվի, որ ոչ նախկին կոռուպցիոներներին են կարողանում բացահայտել, ոչ էլ կոռուպցիան են երկրում վերացրել։ Ավելին՝ ժամանակին լատենտ, քողարկված կոռուպցիային փոխարինել է իրական համակարգային կոռուպցիան՝ երբ պետբյուջեից, անթաքույց գողանում են և կոռուպցիան ծաղկում է բոլոր իմաստներով, ասենք՝ ազգուտակներով պաշտոններ են զբաղեցնում, մեկ անձից գնումներ անում՝ առանց մրցույթների, մի քանի օր առաջ բացված կազմակերպությունները տենդերներ են շահում և այլն։ Իսկ քրգործեր հարուցվում են միայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ՝ յուրայիններին թույլատրված է ամեն ինչ անել և անպատիժ։

Հանգիստ կարելի է, ասենք, հայտարարել, որ չի հանձնվելու ո՛չ Արցախը, ո՛չ ազատագրված տարածքները, հայհոյել նախկին բանակցողներին, որոնք բանակցել են միայն «հողը հանձնելու» շուրջ, ապա ամեն ինչ անել, որ հողի հանձնման պրոցեսն իրականություն դառնա։ Ավելին՝ հողերը հանձնել ոչ թե գոնե ղարաբաղյան հարցի կարգավորման պատմության ընթացքում մշակված վատագույն բանաձեւով, ասենք՝ Լավրովի պլանով, այլ բուն Արցախի պատմական տարածքը, որի շուրջ երբևէ խոսակցություն չի գնացել և որը երբևէ բանակցային սեղանին չի եղել։ Վստահորեն կարելի է ողջ օրը խոսել ժողովրդի իշխանությունից, ձևացնել, թե ժողովուրդն է ամեն ինչ որոշում, որ Հայաստանում այլևս երբեք ժողովրդի քվեն չի գողացվելու և ոչ մի հարց այևս առանց ժողովրդի չի լուծվելու՝ «հանրաքվեներ եմ անելու», «հատ-հատ ձեր կարծիքն եմ հարցնելու՝ նոր ինչ-որ լուծում եմ տալու», ապա գաղտագողի, մի քանի ժամվա մեջ՝ անգամ առանց իշխանական վերնախավի և ԱԽ անդամների հետ խորհրդակցելու, փաստաթուղթ ստորագրել և ամեն ինչ հանձնել։

Սակայն այս ամենի մեջ ամենամեծ մեղքն ու հանցանքը սուտն է, որը պարուրել է մեր կյանքի վերջին մի քանի տարին՝ երբ մարդու խոսքն ու գործն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Երբեք Հայաստանի հասարակությունը, ՀՀ քաղաքացիներն այսքան օտարված չեն եղել իշխանությունից, այսքան անօգնական և անմասնակից չեն եղել երկրի կառավարմանն, ինչքան այսօր։ Ի դեպ՝ երբեք մարդիկ այսքան նվազ տեղեկացված չեն եղել, թե ինչ քայլ է պատրաստվում անել առաջիկայում իշխանությունը, ինչ բախտորոշ որոշում է պատրաստվում կայացնել՝ առանց իր հետ խորհրդակցելու։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular