ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ձգտում է մասնակցություն ունենալ հարավային Կովկասում ընթացող բոլոր գործընթացներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ և մանրամասներ էր ներկայացրել հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի` հետ պարզելու համար, թե ինչու է Պուտինը մանրամասներ ներկայացնում Էրդողանին և տարածաշրջանում ինչ նպատակներ են հետապնդում Թուրքիան և Ադրբեջանը։

—Պարոն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ ՌԴ նախագահը այսպես ասած հաշվետվություն է ներկայացնում Թուրքիայի նախագահին։

— Ես համաձայն չեմ այն ձևակերպման հետ, որ Պուտինը հաշվետվություն է ներկայացնում, քանի որ Էրդողանն է զանգահարում և խնդրում , որ Պուտինը տեղեկատվություն տա։ Այսինքն ոչ թե Պուտինն է հաշվետվություն տալիս, այլ Էրդողանը ինքն է խնդրում, որ Պուտինը իրեն տեղյակ պահի, իսկ Պուտինը չի մերժում Էրդողանին և տեղյակ է պահում։ Այս ամենը մտնում է ռուս-թուրքական հարաբերությունների ներկա առանձնահատկությունների մեջ և երկու երկրների ղեկավարները բավականին հաճախ են իրար հետ հեռախոսազրույց ունենում։ Ընդ որում, այդ հեռախոսազրույցներից գրեթե բոլորը Էրդողանի զանգերն են Պուտինին։

—Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ Մոսկվայի ջանքերին՝ արտահայտվելով Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների հետագա համակարգման օգտին: Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք Էրդողանը շարունակում է փափագել, որ ինքն էլ մասնակից լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների՞ն:

— Առաջին հերթին սա նշանակում է, որ Էրդողանը և Թուրքիան ձգտում են, որ իրենք մասնակցություն ունենան հարավային Կովկասում ընթացող բոլոր գործընթացներին և առաջին հերթին, իհարկե, Արցախի հետ կապված գործընթացին։ Երկրորդը՝ Մինսկի խմբի վերջին այցը Բաքու ցույց տվեց, որ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը շատ դժկամությամբ հանդիպեց և բավականին կոպիտ վարվեց նրանց հետ։ Ինչը վկայում է, որ Ադրբեջանը արդեն անհրաժեշտություն չի գտնում Մինսկի  խմբի հետագա աշխատանքների հետ և ես համոզված եմ, որ Թուրքիան էլ նրան կաջակցի այդ մոտեցման մեջ։ Այնպես որ Թուրքիայի նպատակը Մինսկի խմբի աշխատանքներին մասնակցելը չէ, քանի որ դա մինչև պատերազմն էր, իսկ պատերազմից հետո արդեն նրանց նպատակը այն է, որ նրանք մեր տարածաշրջանում մասնակցեն բոլոր գործողություններին, հատկապես Արցախի հիմնահարցի հետ կապված գործընթացներին։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular