Հնարավոր «միլիոնավոր» եկամուտների մասին խոսակցությունները երկրորդական կամ անգամ երրորդական են․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
iarex.ru-ն «Արդյո՞ք Մեղրին կդառնա կռվախնձոր Հայաստանի և Ադրբեջանի միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև Մոսկվայում կայացած բանակցությունների կարևոր արդյունքներից մեկը փոխվարչապետների մակարդակով եռակողմ խմբի ստեղծման մասին հայտարարությունն է, որը կոչված է գործնականում լուծելու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: Ըստ ամենայնի, առաջին հերթին Բաքվի համար այդ կարևոր հարցով կլուծվի Հայաստանի տարածքով Ադրբեջանի տարածքի հիմնական մասի հետ էքսկլավ Նախիջևանի կապվելու հարցը:
Ճիշտ է, Ադրբեջանն ընդլայնում է իր պատկերացումներն այդ միջանցքի վերաբերյալ՝ նշելով, որ հանձնաժողովը զբաղվելու է ոչ թե նեղ իմաստով տրանսպորտային միջանցքի մասին, այլ նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապ ստեղծելու մասին: Այդ հայտարարությունում հիմնականն այն է, որ առկա է ամբողջ տարածաշրջանում տնտեսական զարգացման և տնտեսական ինտեգրման ճարտարապետության ձևավորման միտում, ինչը պետք է արտացոլվի քաղաքական, սոցիալական և հումանիտար ոլորտների հետագա զարգացման մեջ: Ի դեպ, արդեն 2020 թվականի վերջին է հայտնի դարձել, որ Բաքուն սկսել է մշակել երկաթուղին Հայաստանի սահմանին հասցնելու տեխնիկատնտեսական հիմնավորումը: Բայց անմիջապես առաջացել են խնդիրներ, որոնք նկարագրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: Նա ասել է, որ Երևանը դեմ է, որ երկաթգիծը և մայրուղին անցնեն Իրանին սահմանակից Մեղրիով, և ցանկանում է, որ այն անցնի Իջևանով:
Մուսաբեկովը հիշեցրել է, որ խորհրդային տարիներին եղել է Ղազախ-Իջևան երկաթգիծ, որը Ադրբեջանը կապել է Հայաստանին: Պատգամավորի խոսքով, հայկական կողմը ցանկանում է վերականգնել այն: Պատճառները պարզ են և հիմնականում օբյեկտիվ: Այդ տարբերակով Հայաստանը հնարավորություն է ստանում օգտագործել իր երկաթուղու մեծ մասը և ստանում է դրա նկատմամբ վերահսկողության ընդլայնված գոտի: Ինչ վերաբերում է ճանապարհին, ըստ Մուսաբեկովի, խորհրդային տարիներին Մեղրիով անցնող ճանապարհը գործնականում չի օգտագործվել և նույնիսկ չի էլ ավարտվել: Միայն եղել է երկաթուղին, իսկ ավտոմոբիլային ճանապարհը անցել է Լաչինով, Գորիսով, Շահբուզով և հասել Նախիջևան:
Միևնույն ժամանակ, հեշտ է նկատել, որ Բաքվի և Երևանի գործողություններում հնարավոր տնտեսական հաշվարկների հետ մեկտեղ տեսանելի են առճակատվող քաղաքական մտածողության և միմյանց նկատմամբ անվստահության տարրեր, որոնց բախվելու է եռակողմ խումբը հետագայում: Սակայն Բաքուն ենթադրում է, որ Մոսկվան համապատասխան ճնշում կգործադրի Երևանի վրա, քանի որ ծրագրի իրականացման դեպքում կստանա մուտք դեպի Թուրքիա: Միևնույն ժամանակ, Բաքուն հիմնարար առարկություններ չունի Իջևանով անցնող ճանապարհի հետ կապված, բայց նա այդ միջանցքի վերականգնումը նպատակ ունի ավելի ուշ իրականացնել: Սա ենթադրում է, որ առանց համապատասխան քաղաքական հստակ որոշումների, որոնք կմեղմեն Բաքվի և Երևանի միջև առճակատման մակարդակը, դժվար կլինի իրականացնել տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրեր զուտ տեխնոկրատական մոտեցման տեսանկյունից:
Պատահական չէ, որ Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունն այժմ սկսել է կապել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը գերիների փոխանակման խնդրի հետ: Բայց դա խնդրի միայն մի կողմն է: Փաստն այն է, որ հաղորդակցության ուղիների նախագծի իրականացումը տևելու է երկուսից չորս տարի: Այդ ժամանակահատվածում սուր քաղաքական քննարկումներ կլինեն Ադրբեջանի և Հայաստանի սահմանային խնդիրների, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի և ռուս խաղաղապահների կարգավիճակի վերաբերյալ: Դա անխուսափելիորեն կանդրադառնա Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանձնաժողովի աշխատանքների վրա: Ի վերջո, Հայաստանն այժմ այնպիսի քաղաքական վիճակում է, երբ հնարավոր «միլիոնավոր» եկամուտների մասին խոսակցությունները երկրորդական կամ անգամ երրորդական են, իսկ տարածաշրջանային ինտեգրման օգտին ցանկացած որոշում կարող է դիտվել որպես «Ադրբեջանին միակողմանի զիջում»: Ինչպես կանխատեսում է ամերիկյան Eurasianet հրատարակությունը, ԱՄՆ-ը ևս կարող է ակտիվորեն մտնել «անդրկովկասյան խաղի» մեջ, և ներկայումս «բացահայտում է Իրանի փոքր հյուսիսային հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի թույլ կետերը»:
Թերթը նշում է, որ Երևանը «լուրջ քաղաքական և տնտեսական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից», և «Վաշինգտոնը կարող է նման ռեսուրսը օգտագործել ի շահ իրեն»: Խնդիրը պարզ է. պետք է խոչընդոտել Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները, Վրաստանում ամրապնդել ամերիկամետ դիրքերը և տապալել Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի նկատմամբ վարվող հավասարակշռման քաղաքականությունը: Մտածված սցենարի իրականացման դեպքում պետք է կա՛մ խափանել, կա՛մ «սառեցնել» հաղորդակցությունները ապաշրջափակելու նախագծերը Անդրկովկասում: Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եվրոպական երկրների դեսպանների հետ հանդիպմանը սուր քննադատության է ենթարկել ԵՄ երկրներին ղարաբաղյան պատերազմում Անկարային աջակցելուց հրաժարվելու համար, չնայած այդ պետությունները բանավոր հայտարարել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդունելու մասին:
Այնպես որ, «Թուրան» նախագծի (ինչպես Բաքվում անվանում են միջանցքը Ադրբեջանի և Նախիջևանի միջև) իրականացման ճանապարհին կարող են առաջանալ բազմաթիվ խոչընդոտներ: Այստեղ առաջին հերթին Բաքուն պետք է ասի իր խոսքը և հրաժարվի Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմից և հաղթողի դիրքից Երևանին իր պայմանները թելադրելուց: Ռուսաստանը նույնպես պետք է իր դերը կատարի, որը երկար տարիներ անց առաջին անգամ սկսել է սերտորեն զբաղվել Անդրկովկասի խնդիրներով և ստանձնել է Ղարաբաղի շուրջ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը կյանքի կոչելու երաշխավորի դերը: Հետագա գործողությունների մանրամասները դեռ պարզաբանված չեն, դրանք պահանջում են լրացուցիչ համաձայնություն, որպեսզի հնարավոր լինի սկսել հաղորդակցման նախագծերի աշխատանքը: Այնպես որ, սպասվում են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի նոր հանդիպումներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում