«Ես սգում եմ բաց աչքերով». Անժելա Սարաֆյանը Instagram–ից ջնջել է բոլոր լուսանկարները
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկահայ ճանաչված դերասանուհի Անժելա Սարաֆյանը, որը բավականին ակտիվ է սոցցանցերում և հաճախ է լուսանկարներով ուրախացնում երկրպագուներին, Instagram–ի իր էջից ջնջել է բոլոր հրապարակումներն ու լուսանկարները։
Դերասանուհին չի ջնջել էջը, նրան շարունակում են հետևել ավելի քան 150 հազար օգտատերեր։
Նրա քայլն ամենայն հավանականությամբ կապված է արցախյան պատերազմի և դրա ողբալի հետևանքների հետ։
Սարաֆյանը Twitter-ի իր էջի սկզբնամասում տեղադրել է նոյեմբերի 15-ին Արցախյան պատերազմի և հայ ժողովրդի ցավի մասին գրառումը։
«Ես ողջ կյանքս սգում էի մի բանի համար, ինչը չէի կարողանում հասկանալ։ Ես ծնվելուց ի վեր գիտեի այդ ցավի մասին։ Այսօր ես սգում եմ բաց աչքերով» - գրել էր Սարաֆյանը։
Իր հրապարակման մեկնաբանություններում դերասանուհին գրել էր, որ աղոթում է բոլոր նրանց համար, ում մենք կորցրինք, և նրանց համար, ովքեր շարունակում են ապրել։ Սարաֆյանը նաև գրել էր, որ Հայաստանը պետք է նորից կառուցել, երաժշտության, ֆիլմերի, բանաստեղծությունների, նկարների միջոցով լսել մեր նախնիների ձայնը։
Նոյեմբերի 15-ի հրապարակումից հետո Սարաֆյանը Twitter-ում ընդամենը երկու գրառում է արել։ Նա շնորհավորել է իր հետևորդներին Ամանորի կապակցությամբ և գրել ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների մասին։
Հիշեցնենք, որ Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։ Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: