ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական կառավարման համակարգը շոկի մեջ է, ռեստարտի կարիք կա. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից։ Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին ներկայացնելիս:  

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմում կատարած աշխատանքի համար և նշել, որ նա պաշտոնը ստանձնել է բարդ իրավիճակում: «Ոչ մի գաղտնիք չկա, պարոն Աղաջանյանն իմ քաղաքական մերձավորն է և շարունակում է լինել այդպիսին: Համոզված եմ, որ մեր համատեղ ճանապարհը դեռ կշարունակենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Արսեն Թորոսյանին նոր կարգավիճակում և ձևակերպել խնդիրը, որը դրված է նրա առաջ: «Պատերազմական շրջանը բոլորիս համար չափազանց բարդ և ծանր մի շրջան էր: Եվ հիմա էլ հետպատերազմյան շրջանն ունի իր բազմաթիվ բարդություններն ու մարտահրավերները, որոնց պետք է արդյունավետ կառավարել: Պետք է չթաքցնել, որ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա նույն իրավիճակն է, ինչ, օրինակ, նոյեմբերին, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և այդ ռեստարտը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից»,–ասաց վարչապետը` նշելով, որ այդ ռեստարտն է այն հիմնական խնդիրը, որ դրվում է պարոն Թորոսյանի առաջ:

Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վերջին երկուսուկես տարիների ընթացքում պատասխանատու պաշտոնը վստահելու համար: «Միանշանակ է, որ շատ բարդ և ծանր օրեր ենք ապրել իրար հետ: Բայց կարելի է արձանագրել, որ այդ բարդ օրերը միանշանակորեն պատվով հաղթահարել ենք»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Իր հերթին Արսեն Թորոսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին պատասխանատու աշխատանքը կամ ծառայությունը վստահելու համար: Վարչապետ Փաշինյանը կարևորել է այն փաստը, որ Արսեն Թորոսյանի ու աշխատակազմի միջև ծանոթացման և անցումային ժամանակաշրջան չի լինելու:

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular