ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարվաճառի ճանապարհով Արցախ մեկնելը պետք է հնարավոր լինի. շրջափակումն անթուլատրելի է. Թագուհի Թովմասյան. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ:

Տիկին Թովմասյան, Դրմբոն համայնքի բնակիչները երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով հնարավորություն տալ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածից օգտվել:

Դուք, լինելով Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր, ինչ տեղեկություն ունեք, ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ հնարավորություններ կան` Քարվաճառի ավտոճանապարհի վերագործարկման մասով:

– Անկեղծ ասեմ` ինձ շատ ոգեւորեց արցախցիների այդ քայլը, քանի որ մարդիկ, հետեւելով նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի տրամաբանությանը, պահանջում են Արցախի ապաշրջափակում: Եթե մենք պատերազմից հետո խոսում ենք շրջափակումը վերացնելու, ազատ տնտեսական հարաբերությունների հնարավորությունների մասին, ուրեմն պետք է Արցախը եւս շրջափակումից դուրս գա ու չմնա միայն Լաչինի նեղլիկ միջանցքի հույսին:

Ասեմ, որ Վարդենիսում եւ հարակից համայնքներում, Ճամբարակում, Մարտունիում կան բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատում են Արցախում ինչպես հանքարդյունաբերության (այդ թվում եւ Դրմբոնում գտնվող հանքավայրի), այնպես էլ շինարարության ոլորտում եւ հիմա ստիպված են լինում իրենց աշխատանքի վայրը հասնելու համար նախկին մոտ 80 կմ ճանապարհի փոխարեն կտրել մի քանի հարյուր կիլոմետր` Գորիսի-Լաչին հատվածքով Արցախ հասնելու համար:

Շատերն են ինձ ասում` ի՞նչ անենք տիկին Թովմասյան, մե՞նք էլ դնենք ուրիշ ճանապարհներ փակենք, որ մեր ձայնը լսեն: Ես խնդրել եմ իմ հայրենակիցներին` կտրուկ քայլերի չդիմել, սպասել, քանի որ ինքս հարցը քննարկել եմ ամենաբարձր մակարդակով եւ սպասում եմ արձագանքների:

– Դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր կլինի գործարկել Արցախի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը:

– Անձամբ ես ընթերցելով հրադադարի ու մեր հայրենիքի մի մասը խաղաղ պայմաններում Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթը՝ մարդկային ողբերգություն եմ ապրել ու չեմ հավատացել, որ այլեւս հնարավոր կլինի ինչ որ բան փոխել: Բայց երբ նոյեմբերի 10-ից հետո հանդիպեցի ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, անխտիր բոլորի մոտ բարձրաձայնել եմ Քարվաճառի ավտոճանապարհի գործարկման օրհասական անհրաժեշտությունը:

Ու պնդել եմ, որ եթե կա թեկուզ մի կետ, որից մենք կարող ենք օգտվել ու ապաշրջափակել Արցախը, պարտավոր ենք դրա մասով անհապաղ սկսել երկխոսություն երկկողմ, եռակողմ ձեւաչափով:

Այդ ավտոճանապարհը պետք է գործի թեկուզ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Նրանց դերը Արցախի անվտանգության ու Արցախ մեկնողների անվտանգության երաշխավորման հարցում խիստ կարեւոր է:

Ամբողջական հարցազրույցը՝  օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular